‘Բաղդասարովի գույքը պետականացվեց’

1495

«Արմավիա» ավիաընկերության` պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքը չվճարելու համար «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը, որը գտնվում է Երևանի Մանանդյան 11 հասցեում, փոխանցվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այդ մասին որոշման նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, ընդունվեց ՀՀ կառավարության` օգոստոսի 28-ի նիստում:

Կառավարության նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ «Արմավիա»-Ավիաընկերություն» ՍՊԸ-ն և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն պետական բյուջեի նկատմամբ ունեն հար­կա­յին պարտավորություններ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ըն­թացքում գնորդ չլինելու հիմքով անհրաժետություն է առաջացել  9 մլրդ դրամ արժեքով վերոնշյալ գույքը հանձնել կառավարությանը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ավելի մանրամասն քննարկել գործարքը, որպեսզի պետությունն այս գործընթացից չտուժի:

ԴԱՀԿ-ն մարզական համալիրը հանել էր աճուրդի, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել: 

Նշենք, որ օրերս նույն մեխանիզմով ՊՆ-ին էր հանձնվել «ԲԱՄՕ» ընկերությանը պատկանող ՄՀՀ-ն:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը Հայաստանը դասել է Ռուսաստանի դաշնակիցների թվին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ՄԻԵԴ-ի վճռով վեց հազար եվրո փոխհատուցում կտա ՀՀ քաղաքացուն ‘