‘Բաղդասարովների վագրերը սատկել են թունավորման հետևանքով’

915

Մոսկվացի վարժեցնողներ Արթուր և Կարինա Բաղդասարովների վագրերը սատկել են թունավորումից: Նրանց արյան մեջ փորձագետները էթիլենգլիկոլ են հայտնաբերել, այսօր հաղորդել է lenta.ru-ն:

Վագրերն սկսել են սատկել կես տարի առաջ՝ Նիկուլինի կրկեսի 90-ամյակին նվիրված մեծ շրջագայությունից առաջ: Այդ ընթացքում սատկել է վարժեցնողների վագրերից յոթը: Եւս մեկը թունավորումից հետո ողջ է մնացել, սակայն կուրացել է:  Փորձագետները թույն են հայտնաբերել սատկած վագրերից մեկի և կուրացած վագրի արյան մեջ: Կարինա Բաղդասարովայի խոսքերով՝ սկզբում իրենք մտածել են, որ դա ինչ-որ վիրուսային հիվանդության արդյունք է, սակայն անասնաբույժները նրանց արյան մեջ որևէ վիրուս չեն հայտնաբերել:

Վարժեցնողները վագրերին անձամբ են կերակրում, սակայն նրանց խմելու ջուրը տալիս են հատուկ մարդիկ: Դրա համար էլ Բաղդասարովները ենթադրում են, որ թույնը ավելացրել են հենց ջրի մեջ: «Սատկել են հատկապես ամենատաղանդավոր վագրերը, դրանցից երեքին արդեն պետք է ընդգրկեինք աշխատանքի մեջ: «Երիտասարդներից» մնացել է մի վագրիկ, որը ոչ մի տաղանդ չի դրսևորում: Հենց դա էլ ստիպում է մտածել, թե ինչ-որ մեկը փորձում է մեզ հանել հավասարակշռությունից: Մենք շատ հաջող ենք հանդես գալիս տարբեր քաղաքներում, և երևի շատերին դա դուր չի գալիս»,-հայտարարել է Բաղդասարովան:

Վարժեցնողներն արդեն դիմում են ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով հետաքննել կենդանիների թունավորման դեպքերը: LifeNews-ի փոխանցմամբ՝ թատերախմբի աշխատակիցներին կստուգեն ստի դետեկտորի օգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Ատամնաբույժների բողոքի ակցիան՝ նախագահականի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսկ արշալույսները Մանչեսթերում խաղաղ են. Տեսանյութ’