‘Բամբասանքն օգտակար է գրասենյակային գործունեությանը’

825

Բամբասանքն օգտակար է գրասենյակի գործունեությանը, մասնավորապես՝ այն կարելի է օգտագործել՝ որպես նախազգուշացում այն գործընկերներին, ովքեր այնքան էլ լավ գլուխ չեն հանում իրենց պարտականություններից կամ էլ թերանում են աշխատանքում, հաղորդում է The Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի, Ամստերդամի համալսարանի գիտնականների խումբը հերքել է  այն կարծիքը, թե բամբասանքն աշխատավայրում ընդամենն ուղղված է աշխատակիցներին մանիպուլյացիայի ենթարկելու և շահադիտական ու վնասակար վարքագիծ է, գրում է բրիտանական թերթը: «Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բամբասանքը միշտ չէ, որ բացասական երևույթ է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Բամաբասանքը մարդկանց օգնում է հավաքել կամ ստուգել տեղեկությունները, զվարճանալ իրար հետ զրուցելով, ինչպես նաև՝ պաշտպանել սեփական խումբը», — ասում է հետազոտության հեղինակ Բիանկա Բերշման:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բամբասանքը էվոլյուցիայի ընթացքում սկսել է կարևոր սոցիալական դեր կատարել: «Մեկ մարդը չի կարող արջի հախից գալ կամ մամոնտ բռնել, իսկ մարդկանց խումբը կարող է»,- պարզաբանում է գիտնականը և հավելում, որ խմբի շահն ակներև է, բայց միշտ էլ վտանգ կա, որ խմբի որոշ անդամներ կարող են վատ կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում՝ մարդկային հասարակությունը մշակել է վարքագծի անհրաժեշտ կանոններ, և խոսքի ուժը օգնում է նախազգուշացնել մյուսներին՝ այսինչ մարդը գլուխ է պահում, եզրակացնում է պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Դուբլինում բացահայտ ստել է ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Հանրապետականները խռովկան են դարձել ‘