Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենա

254

ԱՄՆ-ի դաշնային պարտքի հավանական դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենա, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրան խնդրել են մեկնաբանել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Քեւին Մաքքարթիի հայտարարությունը երկրում դեֆոլտի հնարավորության վերաբերյալ։

«Չգիտեմ՝ ինչ է մտածում խոսնակ Մաքքարթին։ Կարծում եմ՝ նա ավելի լավ գիտի։ Կարծում եմ՝ նա գիտի, որ դեֆոլտը աղետալի կլինի։ Եվ կարծում եմ, որ այն, ինչ նա առաջարկում է, Կոնգրես չի գնա։ Դա կենսունակ չէ»,- պատասխանել է նախագահը։

Նա նկատի է ունեցել Մաքքարթիի ծրագիրը՝ երկրի պետական  պարտքի առաստաղը բարձրացնելու վերաբերյալ՝ բյուջետային ծախսերը զգալիորեն կրճատելու պարագայում։ Ապրիլի վերջին այդ նախաձեռնությունն ընդունել է հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը։ Փորձագետները վստահ են, որ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի Սենատը չի ընդունի առաջարկը։ Սպիտակ տունը ավելի վաղ նախազգուշացրել է, որ Բայդենը վետո կդնի ԱՄՆ պետպարտքի առաստաղը բարձրացնելու ծրագրի վրա, եթե Կոնգրեսի երկու պալատներն ընդունեն այն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքեն․ Ագրեգատոր է մշակվել ՌԴ-ի ապատեղեկատվությունը բացահայտելու համար
Հաջորդ հոդվածըՄանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է մի աղջիկ