Բայդենը Պուտինին անվանել է «բռնապետ՝ տխմար բանակով»

531

«Բռնապետ՝ տխմար բանակով»․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ այսպիսի տեսք ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։

Այդ մասին Բայդենն ասել է Ալաբամա նահանգում պաշտպանական գործարան կատարած այցի ժամանակ, որտեղ արտադրվում են, մասնավորապես, «Ջավելին» հակատանկային հրթիռներ, ինչը ԱՄՆ-ը մատակարարում է Ուկրաինային։ Սպիտակ տան ղեկավարը հատկապես կարևորել է գործարանում աշխատող ամերիկացիների դերը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարում։

«Դուք ուկրաինացիներին հնարավորություն եք տալիս պաշտպանվելու։ Եվ, ճիշտն ասած, շատ դեպքերում նրանք ծաղրի առարկա են դարձնում ռուսաստանցի զինվորականներին։ Եթե բռնապետներին չդիմակայես, պատմությունը ցույց է տվել, որ նրանք շարունակում են հարձակվել, շարունակում են գրոհել, իսկ նրանց իշխանական ախորժակն ավելի է բացվում»,- ասել է Բայդենը։

Իր հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Արևմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը։ Նա նաև ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկխոսելու Ուկրաինայի հետ, մինչդեռ Կիևը «պատրաստ չէ լուրջ աշխատանքի»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄահացել է Ստանիսլավ Շուշկևիչը՝ «Բելովեժյան ցուլը»
Հաջորդ հոդվածըԲորիս Ջոնսոնն սպասում է Ուկրաինայի հաղթանակին