Բայդենն արդարացնում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը

494

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերալ իր որոշման պաշտպանությամբ՝ չնայած արմատական իսլամիստական «Թալիբան» շարժման զգալի հաջողություններին, որոնք վերջին շաբաթներին նորանոր դիրքեր են գրավում և աֆղանցի զինվորականներին հարկադրում են զինաթափվել ու հարյուրներով փախչել Տաջիկստան։

Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական գործողությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին։ Ըստ նրա՝ զինվորականներն արդեն վաղուց են կատարել ներխուժման սկզբնական խնդիրը՝ ոչնչացնել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումը, որը մեղավոր էր 2001 թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա հարձակման համար, և կանխել նմանատիպ հաձակումներն ապագայում։

«Մեր խնդիրն Աֆղանստանում չի եղել պետության կառուցումը։ Միայն աֆղանցի ժողովուրդն իրավունք ունի և պատասխանատվություն է կրում իր ապագան որոշելու, երկիրն ինչպես կառավարելու հարցում»,- շեշտել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հերքել է այն պնդումները, թե ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո «Թալիբանի» հաղթանակն անխուսափելի է։ Նա հայտարարել է, որ իսլամիստները ընդամենը 75 հազար զինյալ ունեն, մինչդեռ Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմում 300 հազար զինվոր կա։

Թեպետ Ռուսաստանում «Թալիբանը» ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, հինգշաբթի Մոսկվայում «Թալիբների շարժման քաղաքական գրասենյակի» հերթական բանակցություններն են ընթացել Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի գծով հատուկ հանձնակատար Զամիր Կաբուլովի հետ։ Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, թալիբները հավաստիացրել են, որ մտադիր չեն խախտել կենտրոնասիական պետությունների սահմանները, և երաշխավորել են Աֆղանստանում դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉերչեսովը հեռացվեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Հաջորդ հոդվածըՕլիմպիական խաղերից առաջ Տոկիոյում կհայտարարվի արտակարգ դրություն