Բայդեն․ ԱՄՆ-ը պատրաստ է կորոնավիրուսի նոր բռնկմանը

353

Կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակը շարունակում է սրընթաց տարածվել աշխարհում, այն արդեն գերակշռող է դարձել ԱՄՆ-ում և անհանգստացնում է։ Սակայն իշխանությունները մտադիր չեն կոշտ սահմանափակումներ մտցնել, քանի որ երկիրը պատրաստ է վարակի նոր բռնկմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Սա 2020 թվականի մարտը չէ։ Մենք պատրաստված ենք և ավելի շատ բան գիտենք վիրուսի մասին»,- ասել է նա։

Բայդենը հիշեցրել է, որ ամբողջ երկրում վերապատվաստման կետեր են բացվել, և ամերիկացիներին կոչ է արել բուստերային ներարկում կատարել։ Դիմելով նրանց, ովքեր պատվաստված չեն, նախագահը հայտարարել է, որ նրանք ընտրություն են կատարում կյանքի ու մահվան միջև։

«Դուք կարծում եք, թե միայն ձեր կյանքն եք վտանգում, դա ձեր ընտրությունն է։ Բայց դա ազդում է նաև ուրիշների կյանքի վրա։ Դուք վտանգում եք ձեր մտերիմների, ընկերների, հարևանների, անծանոթ մարդկանց կյանքը»,- ասել է Բայդենը։

Բայդենը նաև տեղեկացրել է, որ իշխանությունները գնելու են 500 միլիոն էքսպրես-թեստեր, որոնք կարելի է անվճար պատվիրել հունվարին, ինչպես նաև հայտնել է, որ հազար ռազմական բուժաշխատողներ են ուղարկում ամերիկյան հոսպիտալներ,  առավել ծանր վիճակում հայտնված շրջանների հիվանդանոցներում անհրաժեշտ սարքավորումներով կահավորված լրացուցիչ տեղեր են առանձնացվում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄի քանի խոսք «քննադատների» մասին. Ժիրայր Լիպարիտյան
Հաջորդ հոդվածը2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը