‘Բանականության հաղթանակ’

1874

Ցավոք սրտի՝ Հայաստանի բնակչության մեծամասնությանը թվում է, թե քաղաքականությամբ զբաղվելը որևէ կապ չունի գիտության հետ, և հնարավոր է, առանց բավարար կրթություն ստանալու կամ  ինքնակրթվելու, վեր կենալ տեղից և զբաղվել քաղաքականությամբ: Դեռ ավելին՝ քաղաքական վերլուծություններ կատարել:

Անհասկանալի է , թե մարդկանց ինչու է թվում, որ բժիշկ, ճարտարապետ, օդաչու, թարգմանիչ  լինելու համար անհրաժեշտ է համապատասխան կրթություն, իսկ քաղաքականությամբ կարող է զբաղվել ով ուզենա:

Սա վերաբերում է թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականությանը: Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները «փողոցից» մարդիկ են գտնում և վստահում մեր արտաքին քաղաքականությունն այս կամ այն երկրում: Դե՛, իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է, սակայն երբ իրենց ընդդիմադիր համարողներն են կարծում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն, սա արդեն վտանգավոր է հասարակության համար:

Հենց այստեղից էլ սկիզբ է առնում այն խնդիրը, որ մարդիկ քաղաքականությունը չեն տարբերում հուզականությունից և իրենց ցանկությունները խառնելով իրականությանը՝ փորձում են երկրի հարցերը լուծել:

Արդյո՞ք Հայաստանում կգտնվի մեկը, ով չէր ուզենա, որ Արևմտյան Հայաստանը դառնա Հայաստանի Հանրապետության մաս,կամ Արցախը ճանաչվի աշխարհի բոլոր տերությունների կողմից` որպես անկախ պետություն: Սակայն ցանկությունը մի բան է, իսկ իրականությունը` այլ բան, և ցանկությունն իրականություն դարձնելու համար, նախ և առաջ, պետք է գիտակցել պետության հնարավորություններն ու պոտենցիալը, ինչպես նաև հասկանալ, թե որ պահին ինչպիսի քայլ պետք է կատարել այս կամ այն խնդիրը լուծելու համար: Արդյո՞ք թշնամական տրամադրված պետություններն ավելի ազդեցիկ քայլեր չունեն, թե՞ մենք կարողացել ենք հաշվարկել և չեզոքացնել նրանց քայլերի վտանգավորությունը:

Նոր տարուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ, և կրկին տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում նրա ցանկացած ելույթից հետո: Փոխանակ փորձելու հասկանալ, թե ինչ է ասված ելույթում, ոմանք հուզականորեն սկսեցին իրենց ցանկությունները ներկայացնել որպես իրականություն: Այս երևույթը նորմալ կընկալվեր, եթե այսպես խոսեին քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն չունեցողները, իսկ երբ այսպես են խոսում քաղաքական հայտ ներկայացրած մարդիկ և ուժերը, դրանով բացահայտվում է նրանց անգրագիտությունը:

Սակայն ամեն ինչ կորսված չէ, քանի որ Հայաստանում և նրանից դուրս դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են հայերեն քաղաքական տեքստ կարդալ և հասկանալ, թե ինչ է գրված այնտեղ:

Ֆեյսբուքի հայ օգտատերերը հաճելիորեն զարմացան, երբ որտեղից որտեղ հայտնվեց Գերմանիայում բնակվող մի երիտասարդ ջութակահար` Նարեկ Սարգսյան անունով, ով քաղաքական տեքստի մի այնպիսի վերլուծություն արեց, որ նույնիսկ նրա ընդդիմախոսները կարկամեցին հակափաստարկների բացակայությունից:

Այդ երիտասարդը ցույց տվեց ֆեյսբուքյան որոշ օգտատերերի, որ տեքստ կարդալու և հասկանալու համար, նախ, անհրաժեշտ է ունենալ տարրական գիտելիքներ, այնուհետև հասկանալ, որ քաղաքական տեքստը տարբերվում է գեղարվեստական տեքստից և իր մեջ ընդգրկում է այլ հաղորդագրություններ:

Ցավալիորեն, Հայաստանում ոչ միայն չեն հասկանում քաղաքական, այլ նաև գրական տեքստերը, էլ չեմ խոսում գիտականի մասին, բայց, բարեբախտաբար, դեռ կան մարդիկ, ում համար բանականությունը մի բան է, հուզականությունը` այլ բան, և նրանք իրականությունը չեն խառնում բարոյախոսության հետ:

Հուսով եմ, Նարեկ Սարգսյանի տված դասը մի քիչ կզսպի մեծ քաղաքական հավակնություններ ունեցող անձանց ու խմբերին և կստիպի ավելի շատ ուշադրություն դարձնել ինքնակրթության վրա, այլապես ցանկացած պահի կարող են հայտնվել հիմար վիճակում:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել է Լևոն Խեչոյանի թաղման կառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ոստիկանապետը «գրում» է առանց գրչակոթը հանելու’