‘Բանակցությունները ձախողվել են. Առայժմ’

1698

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց եւ պատմեց, թե նախօրեին ինչ է խոսել Սերժ  Սարգսյանի հետ։ Մարդաշատության առումով հանրահավաքը բավականին տպավորիչ էր, էմոցիոնալ առումով` բավականին «դինջ», բայց կարեւորն, անշուշտ, հետագա քայլերի «տեսլականն» էր։ Համենայն դեպս հիմա արդեն կարելի է շարժման նպատակների վերաբերյալ դատողություններ անել։

Ի՞նչ բացահայտեց հանրահավաքը։ Սկսենք նրանից, որ «Ժառանգությունը» փաստորեն ընդունում է, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ փետրվարի 18-ը լեգիտիմ նախագահ է եղել։ Համենայն դեպս Արմեն Մարտիրոսյանը հինգ րոպեն մեկ կրկնում էր, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի երրորդ եւ չորրորդ նախագահների հանդիպումը (իսկ մեզ թվում էր, թե Սերժ Սարգսյանը ոչ թե ՀՀ երրորդ նախագահն է, այլ տասը զոհերի գնով իշխանությունը բռնազավթած անձ)։ Նախօրեին էլ, ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում էր 1996,1998 եւ 2003 թվականներին կեղծված ընտրությունների մասին, բայց 2008-ի մասին ծպտուն չհանեց (մինչդեռ Սերժ Սարգսյանը հենց 2008-ին էր նախագահի աթոռը զավթել, եւ տրամաբանորեն` ամենաշատը հենց դա պիտի հետաքրքրեր Րաֆֆիին)։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Ինչի՞ շուրջ են բանակցել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Րաֆֆին առաջարկել է նոր ընտրություններ անցկացնել` Սերժը չի համաձայնվել։ Րաֆֆին առաջարկել է իշխանությունը հանձնել իրեն` Սերժը չի համաձայնվել։ Րաֆֆին առաջարկել է ցրել խորհրդարանը եւ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել` Սերժը չի համաձայնվել։ Դրանով էլ խոսակցությունն ավարտվել է (ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի)։ Այսինքն` Րաֆֆին սկզբում ուզել է ամբողջ իշխանությունը, հետո` գոնե կեսը (խորհրդարանական նոր ընտրությունների դեպքում, իր կարծիքով, մի 35-40 տոկոս կստանար), բայց Սերժ Սարգսյանը «չորով» մերժել է, Րաֆֆին էլ ասել է` «դե լավ, ինձանից չնեղանաս»։ Որպես «բանակցային գործընթաց»` այս ամենը միանգամայն նորմալ է, եւ Րաֆֆին, անկասկած, իրատեսական պահանջներ է առաջ քաշել։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ, մեր խորին համոզմամբ, բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ անպայման շարունակություն կունենան։ Սա ասում ենք` ընդամենը իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսելու համար։

Այսօր Րաֆֆին հանրահավաքներ է անցկացնելու Աշտարակում, Վանաձորում եւ Գյումրիում, կիրակի օրը` դարձյալ Երեւանում, եւ կարելի է ենթադրել, որ այս մարտավարությունը կօգնի ինչ-որ ժամանակ պահել ոգեւորության ալիքը։ Ավելին` թվացյալ վճռական հռետորաբանության շնորհիվ հանրահավաքներն աստիճանաբար կարող են նույնիսկ ավելի մարդաշատ դառնալ, բայց խնդիրն էլ հենց այն է, թե ի՞նչ հարց է լուծվելու դրա շնորհիվ։ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ասել է, որ համաձայն է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսինքն` առավելագույն զիջումը, որ կարող է անել Սերժ Սարգսյանը` հանրահավաքային ալիքի ճնշման տակ, կլինի խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։ Եվ խնդիրն այն չէ, թե ինչ է պահանջում Րաֆֆին, խնդիրն այն է, թե ինչին է համաձայն։ Եթե մեկը ցանկանում է վաճառել իր ավտոմեքենան եւ ասում է «ես պահանջում եմ, որ ինձ տասը հազար վճարեք, բայց հինգ հազարին էլ եմ համաձայն», հասկանալի է, որ գնորդը հինգ հազարից ավելի չի վճարի ոչ մի դեպքում։ Այլ կերպ ասած` կարող է ստեղծվել մի վիճակ, որ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեն Ազատության հրապարակում (կամ հանրապետության այլ քաղաքներում) եւ վճռականորեն պայքարեն ընդամենը հանուն այն բանի, որ խորհրդարանում «Ժառանգությունն» ավելի շատ ձայներ ունենա։ Դա, իհարկե, նույնպես շատ կարեւոր է, եւ խորհրդարանը դրանից միայն կշահի, բայց հարց է ծագում` հնարավոր կլինի՞ արդյոք այդ նպատակի շուրջ համախմբել հարյուր հազարավոր մարդկանց։ Ժողովրդի ակնկալիքները բոլորովին այլ են, եւ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը մարդկանց առանձնապես չի հետաքրքրում։ Առավել եւս չի հետաքրքրում` Հայաստանը կդառնա՞ խորհրդարանական հանրապետություն, թե՞ կմնա նախագահական։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցություններին, ապա մեծ է հավանականությունը, որ այնուամենայնիվ ամեն ինչ չէ, որ ասվում է։ Համենայն դեպս` մեկ ժամ տեւած զրույցը երեք նախադասությամբ ներկայացնելը փոքր-ինչ տարօրինակ է։ Ու երեւի նաեւ դա էր պատճառը, որ մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ի վերջո ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», եւ որքան են շարունակվելու հանրահավաքները։

 

Մարկ Նշանյան, «Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. չեմ ուզում՝ ՀՀՇ- ն վերածվի թանգարանի’
Հաջորդ հոդվածը‘Նոր Կազանին սպասելիս’