‘Բանկային վարկավորման գծով առաջատարն է շարունակում մնալ առևտրի ոլորտը’

1008

Հայաստանի բանկերը 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրի տնտեսությանն են ուղղել 1.222 տրլն դրամի վարկային միջոցներ (ընդհանուր վարկային պորտֆելի 71.4 %-ը), տարեկան կտրվածքով գրանցելով 10% աճ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներ, բանկային վարկավորման գծով առաջատարն է շարունակում մնալ առևտրի ոլորտը: Մասնավորապես, առևտրի ոլորտի վարկավորման ծավալը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 351.9 մլրդ դրամ, որի կառուցվածքում մեծածախ առևտրի մասնաբաժինը կազմել է 180 մլրդ դրամ, իսկ մանրածախինը` 155,1 մլրդ դրամ: Առևտրի ոլորտի վարկերի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.5%, իսկ միայն նոյեմբերին` 3,5 %:

Երկրորդ տեղում է վերամշակման ոլորտը` 170,2 մլրդ դրամ, որից 58.3 մլրդ դրամն ուղղվել է սննդի արդյունաբերության, իսկ 36.8 մլրդ դրամը`ըմպելիքների արտադրության ոլորտին: Այս ոլորտում բանկային վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 1.2 %, իսկ միայն նոյեմբերին`1.3%:

Երրորդ տեղում է էներգետիկայի և գազի մատակարարման ոլորտը`122.3 մլրդ դրամ, տարեկան աճը`19,7%, իսկ միայն նոյեմբերին`3,2%:

Չորրորդ տեղում է գյուղատնտեսույթան վարկավորման ոլորտը` 113.4 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 18%, իսկ ամսվա կտրվածքով նվազելով 0.5 %: Այս ոլորտում բուսաբուծությանն ուղղվել է 49.5 մլրդ դրամ, իսկ անասնաբուծությանը` 45.2 մլրդ դրամ:

Հինգերորդ տեղում են ֆինանսական հատվածի վարկերը`85.7 մլրդ դրամ, որից 66,7 մլրդ դրամ կազմել են միջբանկային վարկերը: Ֆինանսական հատվածի վարկավորումը մեկ տարում աճել է 0.9%, իսկ միայն նոյեմբերին նվազել է 21%:

Վեցերորդ տեղում է շինարարության ոլորտը` 101.1 մլրդ դրամ, տարեկան անկումը`0,3 %, իսկ միայն նոյեմբերին`1.5 %: Նշված գումարից 79.2 մլրդ դրամ ուղղվել է բնակարանային շինարարության վարկերին, իսկ 14.8 մլրդ դրամ` ճանապարհների շինարարությանը (ճանապարհների և երկաթգծերի):

Հասարական սննդի ոլորտին է ուղղվել 37.6 մլրդ դրամ, տարեկան աճը`10,9%, իսկ միայն  նոյեմբերին`3.1 %: Հանքահումքային արդյունաբերական ոլորտին բանկերն ուղղել են 36.8 մլրդ դրամի վարկեր, տարեկան անկումը` 54.3 %, իսկ միայն նոյեմբերին`2.2%:

Նախորդ հոդվածը‘ФСБ–ն տեղեկություն չի հայտնում Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների հանդիպման մասին. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Երևանում վրաերթի են ենթարկվել 2 կին ‘