‘Բանկերը վերածվում են «էմէմէմ» դրամական բուրգի. «Հրապարակ»’

2333

«Հրապարակի» խմբագրություն զանգահարած կինը փոքրիկ էքսպերիմենտ էր արել՝ զանգահարել էր խոշոր բանկեր և հետաքրքրվել՝ կարո՞ղ է վարկ վերցնել: Ոչ, չեք կարող, հնչել է միանշանակ պատասխանը: Ինչո՞ւ, հետաքրքրվել է քաղաքացուհին, ես ավանդ ունեմ բանկում դրած, հիմա վարկ եմ ուզում վերցնել: Նրան քաղաքավարի բացատրել են, որ «ժամանակավորապես» կասեցվել է բոլոր տեսակի վարկերի, այդ թվում ապառիկով ապրանքներ գնելու համար վարկերի տրամադրումը: Լսածից վրդովված կինը գրագետ վերլուծություն էր արել. «Վարկ տրամադրելն ու ավանդ ընդունելը բանկային գործունեության կարևոր բաղկացուցիչներն են: Եթե այդ շղթայից ինչ-որ բան դուրս է ընկնում, ապա խախտվում է գործընթացի տրամաբանությունը: Բանկը վերածվում է «էմէմէմ» դրամական բուրգի»: Ապա եզրակացրել է, որ եթե մինչ օրս հայտարարում էին, որ բանկայինն այն սակավաթիվ համակարգերից է, որը կայացած է, վերջին շրջանում տարվող քաղաքականությամբ մենք քանդում ենք այդ համակարգը: «Ի՞նչ է նշանակում ժամանակավորապես, եթե արդեն երեք ամսից ավելի է այդ ժամանակավորը: Կհասկանայինք, եթե արտարժույթի կտրուկ տատանումների շրջանում մի 10 օր դադարեցվեին վարկերի տրամադրումը, բայց հիմա ընդհանրապես հասկանալի չէ: Ի՞նչ են ուզում անել՝ կյանքը կանգնեցնե՞լ, ստիպել, որ մարդիկ գործ չանե՞ն, բիզնես գործունեություն չնախաձեռնե՞ն, տուն չգնեն-չկառուցե՞ն: Ի վերջո, դրամավարկային շուկայում այս վիճակը հենց իրենք են ստեղծել, իրենց ապաշնորհ ու կարճմիտ քաղաքականության պատճառով, ինչո՞ւ պետք է ամբողջ ժողովուրդը տուժի իրենց սխալների արդյունքում: Առանց այն էլ ներդրումների խիստ կրճատում ունենք, այս քայլերով ընդհանրապես արմատախիլ են անում բիզնես ոլորտը»,- ասում էր թերթի խմբագրություն զանգահարած քաղաքացուհին: 

Նախորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանից հետո շատ դժվար է ԱԽՔ նշանակելը, որովհետև ոչ մեկը չի համաձայնվի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մաթևոսյանը այսօր կդառնար 80 տարեկան ‘