‘Բաշար Ասադը սպառնացել է Ռեջեփ Էրդողանին’

1316

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) երեք պատգամավորներից բաղկացած պատվիրակության հետ Դամասկոսում մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած կառավարությանը` Սիրիայի ներքին հարցերին միջամտելու համար: Սիրիայի նախագահը նշել է, որ ցանկանում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները թուրք ժողովրդի հետ և անհանգստություն հայտնել «Թուրքիայի` տարածաշրջանի երկրներում տարածվելու» հանգամանքով: Սիրիայի նախագահը, ով արդեն վաղուց հրաժարվում է հանդիպել Թուրքիայի պետության եւ կառավարության ներկայացուցիչների հետ, ԺՀԿ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրում ընթացող ներքին պատերազմին, Թուրքիա-Սիրիա հարաբերություններին եւ քրդական խնդրին:  

«Սիրիայում ահաբեկչությունը գնալով մեծանում է: 23 երկրներից ահաբեկիչներ կան այստեղ: Նրանց մեծամասնությունը Սիրիա է թափանցում Թուրքիայի միջոցով: Սիրիայում իրադրության վրա ամենաշատն ազդում է Թուրքիան: Թուրքիայի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ մյուս երկրների ընդհանուր ազդեցությունը: Թուրքիայի հետ Սիրիայի միջեւ ցամաքային սահմանի 25 տոկոսը գտնվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) վերահսկողության տակ, 75 տոկոսը` Ալ Ղաիդայի: Թուրքական Ջիվիլգյոզու սահմանակետի վրա ռմբային հարձակման մեջ Սիրիայի իշխանությունները պատասխանատվություն չեն կրում, քանի որ այդ սահմանն ամբողջությամբ վերահսկում է Ալ Ղաիդան», — «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ասադը:

Նա ԺՀԿ պատգամավորներին նշել է, որ մինչեւ վերջ պայքարելու է Սիրիայում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Ասադի խոսքով` Սիրիայի ճգնաժամը ստեղծվել է Էրդողանի եւ Քաթարի էմիրի` տարածաշրջանում հեղինակությունը բարձրացնելու համար: Սիրիայի նախագահը ԺՀԿ գործիչների միջոցով ուղերձ է հղել Էրդողանին, որում նշել է, որ եթե Սիրիային պարտադրված ճգնաժամում ինքը հաղթի, ապա «դա կլինի Էրդողանի ու Քաթարի էմիրի վերջը»:

«Նրանք ցանկանում են Սիրիայում հաստատել քաղաքական իսլամ, ինչպես իրենց մոտ է: Իսկ մենք ցանկանում ենք պահպանել աշխահիկությունը: Աֆղանստանն ու Պակիստանն էլ էին մի ժամանակ մեզ պես աշխարհիկ, իսկ այժմ այնտեղ արդեն իսլամականների իշխանություն է», -նշել է Ասադը

Նախորդ հոդվածը‘«Ֆլամենգոյի» նախկին դարպասապահը դաժան սպանության համար դատապարտվել է 22 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնն ափսոսում է, որ խոչընդոտել է միասեռականների ամուսնությանը’