Բասկետբոլի օլիմպիական չեմպիոն ամերիկուհին ՌԴ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

431

Խիմկիի քաղաքային դատարանը բասկետբոլի կրկնակի օլիմպիական չեմպիոն ամերիկուհի Բրիթնի Գրայներին դատապարտել է 9 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, հաղորդում է Interfax-ը: Գրայները մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների պահման և մաքսանենգության հոդվածով։

Դատավճռի համաձայն՝ Գրայները նաև պետք է 1 մլն ռուբլի տուգանք վճարի։

Ամերիկացի բասկետբոլիստուհու պաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

2022 թ.-ի փետրվարի 17-ին Գրայները Նյու Յորքից ինքնաթիռով ժամանել էր Մոսկվա, որտեղ նրա ուղեբեռում հայտնաբերվել էր հաշիշի յուղ։ Գրայներն ասել էր, որ ԱՄՆ-ում բժշկական մարիխուանա էր օգտագործում բժիշկների թույլտվությամբ՝ անալգետիկների փոխարեն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Խիմկիի քաղաքային դատարանի որոշումն անընդունելի է անվանել։ Նա Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գրայներին։ Բայդենը նշել է, որ իր վարչակազմը կշարունակի հնարավոր բոլոր միջոցներով հասնել Բրիթնի Գրայների և Փոլ Ուիլանի ազատ արձակմանը և հայրենիք վերադարձին։

Ըստ Interfax-ի՝ Ուիլանը նախկին ծովային հետևակային է, որը դատապարտված է լրտեսության համար։

Նախորդ հոդվածըԼոս Կաբոս․ Աշխարհի առաջին ռակետի հաղթանակով
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ