Բարդագույն վիրահատություն է կատարվել «Արմենիա» բժշկական կենտրոնում

758

Փետրվարի 11-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի բժշկական թիմը՝ բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյանի գլխավորությամբ և Մոսկվայի՝ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ, հաջողությամբ իրականացրել է ուղեղի մեծ չափերի անևրիզմայի կլիպավորման բարդագույն վիրահատություն:

Քաղաքացին «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել տարածուն սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղմամբ, ծայրահեղ ծանր վիճակում և անմիջապես միացվել արհեստական շնչառության սարքին: Գլխուղեղի ԿՏ և անգեոգրաֆիկ հետազությունների արդյունքում քաղաքացու մոտ հայտնաբերվել է աջ ներքին քնային զարկերակի գիգանտ անևրիզմա, որն էլ դարձել էր արյունազեղման պատճառ։

Բուրդենկոյի անվան Նեյրովիրաբուժության ինստիտուտի էնդովասկուլյար և միկրոանոթային վիրաբուժական բաժանմունքների, «Արմենիա» ԲԿ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքի բժիշկների համատեղ կոնսիլիումի արդյունքում որոշվել է տվյալ դեպքում կատարել բաց վիրահատություն` անևրիզմայի կլիպավորում։

Թիմում ներգրավվել են Բուրդենկոյի ինստիտուտից՝ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Գևորգ Հովսեփյանը (կարիքի դեպքում համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար), ով այս պահին համատեղության կարգով աշխատում է նաև «Արմենիա» ԲԿ-ում, բաց անոթային նյարդավիրաբույժ Անտոն Կոնովալովը, անեսթեզիոլոգ-նեյրոռեանիմատոլոգ Անտոն Պաշինը, «Արմենիա» ՀԲԿ-ի նեյրովիրաբուժական, անէսթեզիոլոգիական և վերակենդանացման բաժանմունքների մասնագետները: Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է:

Սպոնտան (անևրիզմատիկ) սուբարախնոիդալ արյունազեղումը բարձր մահացությամբ հիվանդություն է, որի վիրահատական և դեղորայքային բուժման եղանակները մինչ օրս ողջ աշխարհում մշակվում և արդիականացվում են։ Նախկինում գրեթե 100% մահացությամբ այս հիվանդությունը հնարավոր է բուժել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։

Այս համագործակցության շնորհիվ քաղաքացին արտասահման մեկնելու փոխարեն հնարավորություն ստացավ Հայաստանում պետպատվերի շրջանակում բարձրակարգ անոթային վիրաբույժների, նեյրոռեանիմատոլոգների, նեյրոանեսթեզիոլոգներից ստանալ բարձրորակ բուժօգնություն:

Քաղաքացին բարեհաջող անցել է ապաքինման փուլը և դուրս գրվել հիվանդանոցից:

24news.am

Նախորդ հոդվածըՄոլդովայի իշխանությունները փակել են Քիշնևի կենտրոնը
Հաջորդ հոդվածըԻ հիշատակ Մարտի 1-ի անմեղ զոհերի