‘Բարեբախտաբար՝ Բրազիլիայում մեծ անկարգություններ չեն եղել’

997

Բրազիլիայի հավաքականի ջախջախիչ պարտությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում երկրի բնակիչները զարմանալի հանգստությամբ են ընդունել: Հակառակ սպասվածի՝ այն քաղաքներում, որտեղ մինչև աշխարհի առաջնությունը բողոքի զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, այս անգամ մեծ անկարգություններ տեղի չեն ունեցել, գրում է The Daily Mail-ը: Ռիո-դե-ժանեյրոյում, Բելու-Օրիզենտիում, Պորտու-Ալեգրիում, որտեղ տարվա սկզբից ոստիկանությունը բազմիցս ստիպված է եղել ցրել ցույցերը, այս անգամ հանդարտ է անցել: Ընդամենը երկու խոշոր քաղաքներում են իրավապահները ուժ կիրառել՝ կատաղած ամբոխին հանդարտեցնելու համար: Ռեսիֆիում անկարգությունները դադարեցնելու համար իշխանությունը հարկադրված է եղել գործի դնել հեծյալ  ոստիկանություն և արցունքաբեր գազ: Սան-Պաուլուում՝ երկրի արդյունաբերական կենտրոնում, ֆուտբոլասերներն այրել են ինը ավտոբուս, մի քանի մարդատար ավտոմեքենա, ինչպես նաև թալանել են կենցաղային իրերի մի խանութ: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է հասարակական կարգը խախտող 11 մարդու, ինչը ոչ մի համեմատության եզր չունի մունդիալից առաջ տեղի ունեցող ցույցերի հետ, երբ ձերբակալվողների թիվը հարյուրների էր հասնում:

Պարբերականը ֆուտբոլասերների պասիվությունը բացատրում է սռաջնության նկատմամբ ոչ միանշանակ վերբերմունքով: Քաղաքական շատ ակտիվիստներ և հասարակական գործիչներ քննադատում էին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացնելու գաղափարը, քանի որ, նրանց կարծիքով՝ երկիրը, որի բնակչության մի զգալի հատված աղքատության  սահմանից ցած է, կարող էր ավելի լավ կիրառում գտնել առաջնության վրա ծախսված ահռելի գումարների համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Թեքսասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային’