‘Բարեգործական առաջին ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա ‘

997

ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել Սիրիայում գտնվող կարիքավոր սիրիահայ եւ ոչ միայն սիրիահայ ընտանիքներին: Նախաձեռնության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը: 

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ հիմա Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է: Պատերազմական գործողությունների կիզակետը դարձել է Հալեպը, որտեղ մեծ բացասական ազդեցություն կա Թուրքիայի կողմից: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի պարտքն է ամբողջ ուժերը լարել, որ Սիրիայում մնացած հայը զգա հայրենիքի հոգատարությունը:
Ըստ նրա` այնպես չէ, որ Սիրիայի բոլոր հայերն անպաշտպան են եւ հնարավորություններ չունեն, սակայն կան չքավոր հայեր, որոնց օգնել մենք պարտական ենք, և «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հենց դրա համար է: Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախաձեռնող խմբի կողմից արդեն բավականաչափ գործ արվել է, և բարեգործական առաջին ինքնաթիռը մոտ ժամանակներս արդեն կմեկնի Սիրիա: ՀՅԴ

Բյուրոյի անդամը տեղեկացրեց նաև, որ հսկայական օգնություն է ցուցաբերել Արցախը:

Լիլիթ Գալստյանն իր խոսքում ընդգծեց, որ օգնություն ցուցաբերելու համար կարող են համախմբվել բոլորը՝ անկախ կուսակցական, գաղափարական պատկանելությունից: Նա հայտարարեց, որ բացված հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է 1 մլն դրամ: Պատրաստ է Սիրիա մեկնող առաջին բեռնատար ինքնաթիռի կեսը, կա դեղորայքի, սննդամթերքի կարիք:
Լիլիթ Գալստյանի խոսքերով` մի շարք ծրագրեր են մտածել՝ օգնության չափը մեծացնելու ակնկալիքով: Օրինակ` հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել բարեգործական համերգ, որն ավարտվելու է դրամահավաքով: «Այս նախաձեռնությունն իսկապես բաց նախաձեռնություն է, և մենք կարող ենք քննարկել օգնության միտված ցանկացած առաջարկություն»,- նշեց նա: Գալստյանը հայտնեց, որ մի շարք գործարարներ արդեն պատրաստակամություն են հայտնել աջակցել` տեղական արտադրանք հատկացնելով:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում դադարեցվեց USAID-ի գործունեությունը ‘