‘Բարձրաստիճան ոստիկանը հանցագործության պահին «ծանոթ ընկերուհու» մոտ է եղել. Մամուլ’

1484

Հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից, և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը» և մանրամասնում.

«Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երևանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ, ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով «փողի վազվռատի» օպերացիա է իրականացրել, և որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ «ծանոթ ընկերուհի» ունի և գտնվել է նրա մոտ։ «Ծանոթ ընկերուհուս տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, և դա մեր անձնական կյանքին է վերաբերում…»,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը։ Քննիչն էլ, բնականաբար, միանգամից հավատացել է և այդ ոստիկանի մասնակցությունը նշված օպերացիային համարել հերքված»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է անում ազատել գրավված շենքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը. Մամուլ’