‘Բարոզուի և Ռոմպույի համատեղ ուղերձը` Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ’

956

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը համատեղ ուղերձ են հղել: Ա1+-ի փոխանցմամբ, ուղերձում նրանք նշել են, որ վաղը Եվրոպական միության առաջնորդները Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ հավաքվելու են  Լիտվայի գեղատեսիլ մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ տեղի է ունենալու «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովը։ Վիլնյուսյան գագաթնաժողովը լինելու է եվրոպական ընդարձակ մայր ցամաքի երկրները միմյանց մոտեցնելու եւ ընդհանուր արժեքների եւ նպատակների շուրջ համախմբելու մտադրության ապացույցը։

«Արեւելյան գործընկերությունը (ԱլԳ) Եվրոպական միության այն հիմնական գործիքն է, որի միջոցով մեր արեւելյան հարեւանների հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումն առաջ է մղվում։ ԱլԳ-ին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։ Մեր նպատակն է միասին աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ աստիճանաբար կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական, բարեկեցիկ եւ կայուն հարեւանություն։

Մենք շարունակում ենք գործընկերների հետ աշխատել հավակնոտ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների ուղղությամբ՝ պահպանելով սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ձեռնարկելով քայլեր միության եւ տարածաշրջանի միջեւ ճամփորդության դյուրացման եւ ազատականացման ուղղությամբ։
Համաձայնագրերը ոչ միայն կառաջարկեն մուտք դեպի կես միլիարդ բնակիչ ունեցող աշխարհի ամենամեծ շուկան, այլ նաեւ օժանդակություն կտրամադրեն մեր գործընկերներին՝ բարեփոխելու եւ վերաձեւելու իրենց տնտեսությունները, արդիականացնելու հասարակությունները։
Գագաթնաժողովը կարձանագրի Վրաստանի եւ Մոլդովայի հետ ձեռք բերված էական առաջընթացը. այս երկրների հետ մենք վերջերս ենք ավարտել բանակցությունները եւ կկարողանանք նախաստորագրել համաձայնագրերը։
Անկասկած, բոլորի ուշադրությունը բեւեռված է լինելու Ուկրաինայի վրա, որի հետ մենք ավարտել ենք բանակցությունները եւ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին։ Մեր առաջարկը՝ ստորագրել համաձայնագիրը Վիլնյուսում, դեռեւս ուժի մեջ է։
Դա պահանջում է բավարար քաղաքական կամք ուկրաինական իշխանությունների կողմից, վճռական գործողություններ եւ շոշափելի առաջընթաց 2012թ. դեկտեմբերին Ուկրաինային ներկայացված պայմանների իրականացման գործում։ … ԵՄ հետ ավելի ամուր կապերը չեն կառուցվում արեւելյան հարեւանների եւ նրանց մյուս հարեւանների, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Ոչ ոք չի խնդրում մեր գործընկերներին հրաժարվել Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններից կամ ազատ առեւտրի համաձայնագրերից։ Արեւելյան գործընկերությունը ենթադրում է երկուստեք շահեկան իրավիճակ, որից մենք բոլորս պետք է օգուտ քաղենք։ … ԵՄ-ն կլինի էլ ավելի բաց եւ ավելի մեծ աջակցություն կցուցաբերի նրանց, ովքեր կլինեն բարեփոխումների եւ արդիականացման ուղու վրա։ Եվրոպան եւ արեւելյան հարեւանները կարող են առավելագույնս առաջադիմել որպես ինտեգրված աշխարհամաս՝ առանց բաժանարար գծերի»,- ասված է ուղերձում։

Ամբողջական տեքստն` այստեղ

  

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Թքա՛ծ էդ տեսակ կյանքի վրա’
Հաջորդ հոդվածը‘Կանխատեսում. ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանշային աղյուսակում Հայաստանը կբարձրանա մինչև 34-րդ տեղը’