‘Բարոզու. Ուկրաինայի հետ ասոցացումը հնարավոր կլինի միայն Տիմոշենկոյի հարցի լուծումի հետո’

874

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել միայն այն բանից հետո, երբ այդ երկրում կլուծվի «ընտրովի արդարադատության» խնդիրը, որը ԵՄ-ում կապում են նաեւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի հետ: 

Եվրամիությունը Ուկրաինայում իշխանության ընդդիմախոսներին դատական հետապնդումների ենթարկելու փաստը քաղաքական խնդիր է համարում եւ պահանջում է Կիեւից դադարեցնել ընտրովի արդարադատության պրակտիկան: Մինչդեռ, ուկրաինական իշխանությունները հայտարարում են, թե երկրում ընտրովի արդարադատություն չկա:

«Երբ մենք հանդիպեցինք նախագահ Յանուկովիչի եւ ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ, մենք հստակ հասկացնել տվինք, որ ԵՄ-ը կկատարի իր պարտավորություններն այն դեպքում, եթե Ուկրաինան կատարի իրենը: Երկիրն արդեն շատ բան է արել, այդ թվում` իրավական ոլորտում: Բայց Ուկրաինան ավելի շատ բան պետք է անի ընտրովի արդարադատության ոլորտում, այն հարցում, որը վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյին», РИА-Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Տիմոշենկոն դատապարտվել է 2011-ին` Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի կնքման ժամանակ լիազորությունների վերազանցման մեղադրանքով: Ավելի ուշ նա բանտից տեղափոխվել է Խարկովի քաղաքային հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եկել է արկածախնդիրներից ազատվելու ժամանակը’