‘«Բարսան» եւ «Աթլետիկոն» ետ թողեցին «Ռեալին»’

794

Այն բանից հետո, երբ Իպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում պարտվեց «Բետիսին», մրցաշարի առաջատարները` «Բարսելոնան» եւ Մադրիդի «Աթլետիկոն» իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն ստացան:

Երկու թիմն էլ օգտվեցին «Ռեալի» սայթաքումից եւ շատ համերաշխ, նույն հաշվով` 4:0, հաղթեցին իրենց մրցակիցներին:

Նախ, «Աթլետիկոն» տանը այդ հաշվով հաղթեց «Սեւիլյային»: Նախորդ տուրում «Սեւիլյան» տպավորիչ հաղթանակ էր տարել «Բետիսի» նկատմամբ, եւ սպասվում էր, որ Մադրիդում էլ նրանք նույն տեմպով կխաղան: Սակայն «Աթլետիկոն» ամբողջ հանդիպման ընթացքում մեծ առավելություն ուներ, գործում էր մեծ ուժերով եւ խոշոր հաշվով հաղթանակը միանգամայն արտացոլում է խաղի պատկերը: Երեք «չոր» խաղերից հետո վերջապես աչքի ընկավ մադրիդցիների առաջատար ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Ճիշտ է, 11 մետրանոց հարվածով:

«Բարսելոնան» «Լեւանտեի» հետ հանդիպման 1-ին խաղակեսում ուսումնամարզական վարժանք էր կատարում, ֆուտբոլիստները տաքանում էին, մկաններն էին բացում` երկրորդ խաղակեսում վերջապես գործի անցնելու համար, այնքան ձանձրալի տեմպով էր ընթանում առաջին խաղակեսը:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից կատալոնացիները գրոհների տարափ տեղացին «Լեւանտեի» դարպասին եւ ընդամենը 20 րոպեում չորս գեղեցիկ գոլ ստեղծեցին, որից հետո հանգստացան մինչեւ հանդիպման ավարտը: Երկու գոլի հեղինակ դարձավ Մեսին, որը իր գոլերի քանակը մրցաշարում հասցրեց 19-ի` 7 գնդակով ավելի, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Հանճարեղ հանդիպում անցկացրեց Անդրես Ինյեստան, որը դարձավ գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: Նույնիսկ դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր մասին հիշեցրեց` խաղավերջում ետ մղելով 11 մետրանոց հարվածը:

Այս տուրից հետո «Բարսելոնան» 37 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» ունի 34 միավոր: Իսկ ահա «Ռեալը» կատալոնացիներից հետ է մնում արդեն 11 միավորով ու դեռ հաջորդ տուրում էլ հանդիպելու է «Աթլետիկոյի» հետ: Դա թերեւս կլինի վերջին տասնամյակի ամենահետաքրքիր «մադրիդյան դերբին»:

Իսպանիայի առաջնություն. 13-րդ տուր

«Աթլետիկո» — «Սեւիլիա»` 4:0

Ֆալկաո` 22 (11մ), Սպահիչ` 44 (ինքնագոլ), Կոկե` 44, Միրանդա` 90

«Լեւանտե» — «Բարսելոնա»` 0:4

Մեսի` 47, 51, Ինյեստա` 57, Ֆաբրեգաս` 63

Նախորդ հոդվածը‘Սրանք վտանգավոր են 1000 անգամ ավելի, քան թուրք ու ադրբեջանցի կեղծարարները’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտի աշխատակիցները շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ նրանք 11 ամիս աշխատավարձ չեն ստացել’