‘Բարսելոնայի փոխնախագահն ու սպորտային տնօրենը մամլո ասուլիս տվեցին’

1048

«Բավարիայից» ընդհանուր 0-7 հաշվով կրած ծանրագույն պարտությունից հետո շատերը ամռանը կտրուկ փոփոխություններ էին սպասում կատալոնական ակումբի ղեկավարության կողմից: Փոփոխությունները սպասվում էին թե՛ տրանսֆերային քաղաքականությունում, թե՛ մարզչական շտաբում: Հայնկեսի սաներից ստացած անմոռանալի ապտակից հետո փոփոխությունների կոչ էին անում հենց իրենք՝ Բարսայի խաղացողները՝ համարելով, որ այլևս այսպիսի կազմով մարտունակ չեն:

Իսկ ի՞նչ փոխվեց ամռան ընթացքում: Եթե հաշվի չառնենք Նեյմարի վաղուց պայմանավորված գործարքը և Վիլանովայի առողջական խնդիրները, ինչի արդյունքում Բարսան հրավիրեց «Տատա» Մարտինոյին, ակումբում նոր անձինք չհայտնվեցին: Այս ամենի հետ կապված՝ «կուլեները» բազմաթիվ հարցեր ունեն՝ ուղղված ղեկավարությանը: Ինչո՞ւ հեռացավ Տիագո Ալկանտարան, ինչո՞ւ հերթական անգամ ակումբը պաշտպան չգտավ՝ այն դեպքում, երբ 30-ից ավելի անուն էր շոշափվում, ինչո՞ւ է Դավիդ Վիլյան վաճառվում ընդամենը 5 մլն €: Այս և այլ մի շարք հարցերի վերաբերյալ, մրցաշրջանի առաջին երեք շաբաթներից հետո, մամլո ասուլիս էին հրավիրել «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն և սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան: Ահա այն արտահայտությունները, որոնք ամենից շատ հիշվեցին երեկվա մամլո ասուլիսից հետո:

Բարտոմեու. Երկրորդ տարին անընդմեջ մենք ծախսում ենք ավելի քիչ գումար, քան մեր՝ տրանսֆերների համար նախատեսված բյուջեն է:

Բարտոմեու. Ռաֆինյան, Բոյանը և Դելոֆեուն կարող են աճել պրոֆեսիոնալ առումով: Կարծում եմ՝ նրանք կհասունանան «Կամպ Նոուից» հեռու գտնվելով:

Բարտոմեու. Դավիդ Վիլյայի տեղափոխությունը «Ատլետիկո Մադրիդ» իր մեջ ընդգրկում է  նաև ապագայում երկու երիտասարդ խաղացողների գնելու առաջնահերթ դիրք Բարսայի համար: Խաղացողը կարող էր մեզ լքել դեռևս դեկտեմբերին, բայց մենք խնդրեցինք Դավիդին մնալ մեզ հետ մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո խոստացանք բավարարել նրա պահանջները:

Սուբիսարետա. Մենք դիտարկում էին դոս Սանտոսին վարձավճարով հանձնելու հնարավորությունը, բայց նոր մարզչի հետ իրավիճակը փոխվեց, և այժմ նա մեզ հետ է:

Սուբիսարետա. Պաուտասսոն կլինի թիմի երկրորդ մարզիչ, իսկ Ռուրան և Ռուբին՝ մարզչի օգնականները:

Սուբիսարետա. Բարսայի խաղացողները «խաղադրույք» չեն: Եթե որևէ մեկը մեր թիմում է, ապա նա ապացուցել է իր կարգը: Բարտրան մեզ հետ է, որովհետև մենք վստահում և հույսեր ենք կապում նրա հետ:

Սուբիսարետա. Ես շնորհավորում եմ «Տատային» այն հնարամտության համար, որը նա դրսևորեց այս ժամանակահատվածում: Մենք սովորեցինք վերապրել դժվար պահերը: «Տատան» աննախադեպ պատրաստակամ ներկայացավ:

Սուբիսարետա. Ես դարպասապահ եմ եղել և գիտեմ, թե որքան տարօրինակ եք մեզ ընկալում: Ես կարծես շարունակում եմ կրել առաջին համարը իմ մեջքին:

Սուբիսարետա. Տիտոյի համար մեր դռները միշտ էլ բաց են, և նա կարող է ընտրել, թե ինչով է ցանկանում զբաղվել: Բայց այս պահին նրան հանգիստ պետք է թողնենք. առողջությունը ամենակարևորն է:

Սուբիսարետա. Անցյալ տարի մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Տիագո Սիլվան տեղափոխվի մեր թիմ, բայց նա ընտրեց ՊՍԺ-ն: Ոչ բոլորն են «Բարսելոնայում» խաղալը երազանք համարում:

Սուբիսարետա. Նեյմարի հետ գործարքն ավարտելուց հետո մենք ևս 8 մլն € ենք վճարել«Սանտոսին» երեք երիտասարդ խաղացողների համար, որոնց հարցում նախապատվությունը տրվելու է մեզ:

Սուբիսարետա. Աֆելլայի կամ Կուենկայի ակումբից հեռանալը բարդ էր, քանի որ նրանք վնասվածքներ ունեն: Այժմ, երբ նրանք ընդգրկվել են մեր մրցաշրջանի հայտացուցակում, մարզիչը պետք է որոշի նրանց հարցը:

Սուբիսարետա. Վալդեսի ապագան կքննարկենք մրցաշրջանի ավարտին: Այս պահին մենք պարզապես փայլուն դարպասապահ ունենք:

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսին կառաջարկվի Սիրիայում գործողությունը սահմանափակել 60 օրով’