‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին` նոր ռեկորդներ սահմանում’

944

Իսպանիայի առաջնությունում շարունակում է վստահ հանդես գալ «Բարսելոնան»: 9-րդ տուրում կատալոնացիները արտագնա խաղում 5:0 հաշվով հաղթեցին «Ռայո Վալեկանոյին»: Գոլերը խփեցին Դավիդ Վիլյան, Չավին, Սեսկ Ֆաբրեգասը, իսկ Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ:

«Բարսելոնան» վաստակեց 25 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն այսօր նրան կարող է հավասարվել «Ատլետիկոն», որն ունի 22 միավոր եւ տանը ընդունելու է առաջնության հետնապահին` «Օսասունային»:

Այս հանդիպումը կարեւոր էր նրանով, որ Լիոնել Մեսսին նոր ռեկորդներ սահմանեց եւ թարմացրեց:

Նախ, Մեսիի առաջին գոլը նրա կարիերայի հոբելյանական 300-րդ գնդակն էր: Այնուհետեւ, 2012 թվականի սկզբից մինչեւ այժմ Պրիմերայի բոլոր հանդիպումներում սա Մեսսիի 44-րդ գոլն էր: Այս ցուցանիշով նա գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, որը 2011թ. օրացուցային նույն ժամանակահատվածում կարողացել էր 43 գոլ էր խփել:

Իսկ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Մեսին բարձրացավ 10-րդ տեղ` դառնալով 182 գոլի հեղինակ: Առաջինը Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Զարրան է, ով խփել է 251 գնդակ: Հասկանալի է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Մեսին այստեղ դեռ իր խոսքը կասի:

Եվ վերջապես, այս դուբլի շնորհիվ Մեսին 2012 թվականի բոլոր մրցաշարերում իր 73-րդ գնդակը խփեց: Սա ֆուտբոլի պատմության մեջ 3-րդ ցուցանիշն է, որը սակայն, դեռ այս տարի, վստահաբար կթարմացվի, հաշվի առնելով, որ մեկ տարվա ընթացքում նրանից շատ գոլեր խփել են միայն Գերդ Մյուլերը (85) և Պելեն (75):

 Իսպանիայի առաջնություն. 9-րդ տուր

«Ռայո Վալեկանո» — «Բարսելոնա»` 0:5

Վիլյա` 20, Մեսի` 48, 89, Չավի` 78, Ֆաբրեգաս` 80


Նախորդ հոդվածը‘Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. համանախագահները նոյեմբերին կգան տարածաշրջան ‘
Հաջորդ հոդվածը‘Տաթևի ճոպանուղում մնացած 41 քաղաքացիները տարհանվել են’