‘«Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», և ևս 4 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1082

iLur.am-ը ձեզ է ներկայացնում այս շաբաթ և կիրակի օրերին եվրոպական թոպ առաջնություններում կայանալիք կարևոր հանդիպումների անոնսը:

«Նյուքասլ Յունայթեդ»«Մանչեստեր Սիթի»

Շաբաթ, ժամը 16:45

Անցած մրցաշրջանի «Պրեմիեր լիգա»-ի ամենամեծ անակնկալներից մեկը՝ «Նյուքասլ»-ը, այս մրցաշրջանը սպասվածից վատ է անցկացնում և վերջին 6 խաղերում ընդամենը 1 հաղթանակ է տոնել: Պարդյուի թիմի խաղային բազմաթիվ խնդիրներին հանդիպումից առաջ կարող է ավելանալ ևս մեկը` վնասվածքի պատճառով խաղը կարող է բաց թողնել Բեն Արֆան: «Քաղաքայիններ»-ի մոտ նույնպես ամեն ինչ չէ, որ լավ է: Ճիշտ է, ՉԼ-ից դուրս մնալուն ակումբի սեփականատերերը այնպես չարձագանքեցին, ինչպես Ռոման Աբրամովիչը: Մանչինիին թողնելով գլխավոր մարզչի պաշտնոնում՝ նրանք հույս ունեն, որ երկրորդ անգամ կհաջողվի նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, բայց առաջնությունում նրանք արդեն 6 միավոր են զիջում իրենց համաքաղաքացիներին: Մանչինին հույս ունի, որ իրենց լավագույն խաղամակարդակին հասնող Սիլվան և Տևեսը կկարողանան օգնել հաղթել արտագնա խաղում:

«Բայեր Լեվերկուզեն»«Համբուրգ»

Շաբաթ, ժամը 18:30

Իրականում բունդեսլիգայի շաբաթվա գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ երեկ, երբ «Բավարիա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին և հնարավորություն ընձեռեց իրեն հետապնդողներին մի փոքր ավելի մոտենալ իրենց: Բավարացիներին ամենամոտը գտնվող «Բայեր»-ը այս տուրում հյուրընկալում է ոչ կայուն վիճակում գտնվող «Համբուրգ»-ին: Հաղթանակի դեպքում տանտերերը առաջատարի հանդեպ միավորների տարբերությունը կարող են հասցնել — 8-ի:

«Լացիո»«Ինտեր Միլան»

Շաբաթ, ժամը 23:45

Իտալական «Սերիա Ա»-ում, ճիշտ է, Յուվեն սկսել է սայթաքել և հնարավորություն է ընձեռում մրցակիցներին մոտենալ իրենց, բայց այժմ թուրինցիների պահեստայինների նստարանին Կոնտեի վերադարձից հետո 2-ից 6-րդ տեղերը զբաղեցնող թիմերի համար շատ ավելի բարդ կլինի խառնվել Յուվեի չեմպիոնական պլաններին: Հռոմեացիները անցյալ տուրում անտեղի միավորներ կորցրին հյուրընկալվելիս և շաբաթ երեկոյան ամեն ինչ անելու են, որպեսզի «Ինտեր»-ից միավորների տարբերությունը հասցնեն ընդամենը — 1-ի: Ստրամաչիոնին էլ, իր հերթին, դեռևս շարունակում է կառուցել թիմի խաղը, որի ընթացքում նրանց միավորների ձեռք բերման հարցում հաճախ օգնության են հասնում մրցավարները, ովքեր վերջին՝ «Նապոլի»-ի դեմ 2 անգամ  մաքուր 11-մետրանոց չնշանակեցին «Ինտեր»-ի դարպասին:

ՊՍԺ — «Օլիմպիկ Լիոն»

Կիրակի, ժամը 23:59

Ֆրանսիական լիգայի առաջին շրջանի կարևորագույն հանդիպումը, որը շատերը բաց կթողեն՝ նախընտրելով իսպանական «Լա Լիգա»-ի առաջատարների հանդիպումը:

Կարլո Անչելոտիի սաները, լուծելով ՉԼ-ի՝ իրենց խմբում առաջինը լինելու խնդիրը, այժմ պետք է կենտրոնանան առաջնության խնդիրների վրա, որտեղ շատերը, դեռ մրցաշրջանը չսկսած, պատրաստ էին նրանց «հանձնել» չեմպիոնի տիտղոսը: ՊՍԺ-ի գլխավոր խնդիրը շարունակում է լինել Իբրակադաբրայի խաղից կախվածությունը: Անչելոտին, իր կազմում ունենալով Պաստորեյի, Վերատիի և Լավեցիի կարգի խաղացողներ, դեռևս չի կարողանում այնպես անել, որպեսզի ամբողջ թիմը չմտածի գնդակը միայն Իբրային հասցնելու մասին: Ինչ վերաբերում է Լիոնի «Օլիմպիկ»-ին, ապա Ռեմի Գարդը, իր տրամադրության տակ ունենալով թիմի վերջին տարիների ամենաթույլ կազմերից մեկը, կարողացել է ստեղծել բավականին պինդ թիմ, ովքեր ֆրանսիական բարդ և հավասարակշռված առաջնությունում 16 տուրից ընդամենը 2-ում են պարտություն կրել և խուսափել 3-րդից:

«Բարսելոնա»«Ատլետիկո Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:59

Երևի թե մինչ 2012 թվականի ավարտը՝ մնացած ժամանակահատվածում ամբողջ համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն իրադարձությունը: 16 տարվա ընդմիջումից հետո այս թիմերը հանդիպում են միմյանց՝ որպես չեմպիոնի տիտոսի գլխավոր հավակնորդներ: Տիտոն ընդդեմ Սիմեոնեի և Մեսսին ընդդեմ Ֆալկաոյի: Ի տարբերություն մեկ այլ՝ բարսելոնամադրիդական հակամարտության՝ այստեղ ամեն ինչ շատ ավելի մոտ է զուտ ֆուտբոլային հակամարտությանը: Ի տարբերություն Մադրիդի «Ռեալ»-ի՝ Բարսայի դեմ խաղերի այս հանդիպումից առաջ թիմերը ոչ մի վիրավորական արտահայտություն թույլ չեն տալիս իրենց մրցակիցների համդեպ և կենտրոնացած են միայն հաղթանակ տանելու վրա: Բարսայի համար, բացի «սուպերկլասիկո»-ից, սա, կարելի է ասել, մրցաշրջանի առաջին լուրջ մրցակիցն է, ում հետ կատալոնացիները կհանդիպեն, ճիշտ է, նորից ֆավորիտի կարգավիճակով, բայց ոչ հերթական 5-0 հաշվով հաղթանակի ակնկալիքով: Սիմեոնեի սաները պատրաստ են լուրջ խնդիրներ ստեղծել Մեսսիի և իր խաղընկերների համար և դեռևս ֆանտաստիկա թվացող հաղթանակից հետո կընկալվեն որպես լուրջ չեմպիոնության հավակնորդ:

Երկուշաբթի օրը ձեզ կներկայացնենք նաև հանդիպման տակտիկական վերլուծությունը:

Բացի նշված հանդիպումներից՝ ֆուտբոլասերները կիրակի, ժամը 14:30-ին, կարող են հետևել Ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ «Կորինտիանս»«Չելսի» խաղին, որտեղ Բենիտեսը, ամենայն հավանականությամբ, կնվաճի իր հերթական անարժան տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնացին կանխիկացրել է խնայողությունները՝ ընտրություններին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է ռուս-վրացական բանակցությունների առաջին փուլը’