‘«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ». Պատրա՞ստ են արդյոք թիմերը նոր շրջափուլին’

1473

Առանց Մոուրինյոյի և Տիտոյիկամ Պեպի, առանց եվրոպական ֆուտբոլում գերիշխելու զգացողության, բայց այն վերադարձնելու հստակ ցանկությամբ: Անչելոտիի և Մարտինոյի հետ, ովքեր, որքան էլ որ կաշկանդված, միևնույն է՝ փորձելու են հստակ փոփոխություններ կատարել և փորձել մոռացության մատնել «սուպերկլասիկոների» « «տիկի-տական» ընդդեմ հակագրոհների» ժամանակաշրջանը: Շաբաթ երեկոյան, ասիական շուկայում ավելի մեծ գումարներ վաստակելու նպատակով, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին տեղի կունենա մրցաշրջանի առաջին «սուպերկլասիկոն»՝ հստակ հարցադրմամբ՝ իսկ ինչի՞ են թիմերն իրականում ունակ այս մրցաշրջանում:

«Բարսելոնա»

«Բավարիայից» կրած ընդհանուր 0-7 հաշվով պարտությունը շատերն ընկալեցին որպես «տիկի-տակայի» մահվան փաստ և արդարացիորեն ակնկալում էին բազմաթիվ փոփոխություններ, թե՛ տրանսֆերների և թե՛ գլխավոր մարզչի հարցում: Բայց ամռանը, բացի Նեյմարից, ում՝ թիմում տեսնելու անհրաժեշտությունը ոչ բոլորն էին կիսում, ոչ ոք թիմում չհայտնվեց: Իսկ ահա, գլխավոր մարզչի պաշտոնում միայն Վիլանովայի ուռուցքի ռեցիդիվի պատճառով հայտնվեց նոր մասնագետ՝ Տատա Մարտինոն: Առաջին հայացքից՝ տարօրինակ ընտրություն այն ղեկավարների կողմից, ովքեր միշտ նախընտրել են ռիսկի չդիմել և շարունակել հստակ ուղին՝ վստահելով տեղացի մասնագետներին: Ծնունդով, ինչպես և Մեսսին՝ Ռոսարիոյից՝ Մարտինոն սկսեց իր անհատականությունը դրսևորող հստակ որոշումներով: Առաջին խաղերում պահեստայինների նստարանին թողեց Նեյմարին, մի քանի անգամ փոխարինեց Մեսսիին և,որքան էլ որ պնդեր, որ բացի թիմային պրեսինգը վերադարձնելուց, ուրիշ ոչինչ չի պատրաստվում փոխել, «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում «կուլեները» առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում զիջեցին իրենց մրցակցին գնդակին տիրելու հարցում: Այդժամ դեռևս Տատան չգիտեր, որ այստեղ ավելի շատ պատրաստ են 0-7-երի, քան նման «կրոնական» հարցերում փոփոխությունների: Կատալոնցի լրագրողները սկսեցին հանդես գալ Տատայի հանդեպ սուր քննադատություններով՝ «ո՞վ է նա, որ այսպիսի բան փոխի թիմի փիլիսոփայությունում» հարցադրմամբ, ինչին Տատան հստակ պատասխանեց. «Պարզ է, որ ինձ միաշանակ չեն ընդունելու՝ ես ոչ Լա-Մասիայից եմ, ոչ էլ հոլանդացի»:

Մինչ ԱԱ 2014-ի վերջին ընտրական տուրը Տատայի Բարսան «Ռոմայի», «Արսենալի» և «Բավարիայի» հետ լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում: Դադարից հետո անցկացրած վերջին երկու խաղերում՝ «Օսասունայի» և «Միլանի» դեմ, նրանք շատ ավելի խամրած տեսք ունեին, առանց պրեսինգի և առանց խաղի սրացումների: Նախախաղային մամլո ասուլիսում հնչեցրած՝ « «Ռեալի» դեմ խաղի կազմն ընտրել էի մինչ «Միլանի» դեմ խաղը»՝ ստիպում է մտածել՝ իսկ միգուցե Տատան պատրաստվում էր հենց ա՞յս խաղին:

«Ռեալ Մադրիդ»

Հերթական անգամ «Դեսիման» (տասներորդը) չնվաճելուց հետո «սերուցքայինները» 13 տարվա ընմիջումից հետո Կոպա դել Ռեյի եզրափակչում զիջեցին իրենց համաքաղաքացիներ «Ատլետիկոյին»: Մոուրինյոն, ինչպես իրեն հարիր էր, հեռացավ ամենատգեղ ձևով՝ մինչ այդ հասցնելով համաձայնեցնել Պերեսի հետ, որ պայմանագիրը խզի երկկողմանի համաձայնությամբ, ինչը «յուրահատուկին» զրկեց մեծ գումարներ վճարելու պարտավորությունից: Պորտուգալացուն փոխարինեց Անչելոտտին, ում՝ Մադրիդում հայտնվելու մասին խոսվում էր դեռևս հունվարին: Ֆլորենտինոն իտալացու օգնական նշանակեց Զիդանին, ով բացի այդ՝զբաղեցրեց նաև ֆուտբոլային տնօրենի պաշտոնը: Մինչ տրանսֆերային պատուհանի վերջին օրը նրանք միասին իրականացրին «մադրիդիստների» համար ամենատարօրինակ տրանսֆերային պատուհանը՝ պայմանագրեր ստորագրելով բացառապես երիտասարդ իսպանացիների հետ: Բայց, իհարկե, վերջում Պերեսը, միևնույն է, ամեն ինչ փչացրեց՝ 100 մլն €-ով ստորագրելով Գարեթ Բեյլին և վաճառելով արդեն Զիդանի հետ համեմատությունների արժանացած Մեսութ Օզիլին, ինչը չափազանց անհասկանալի էր, քանի որ Անչելոտին պատրաստվում էր անցնել ավելի կոմբինացիոն ֆուտբոլի:

Մրցաշրջանը արդյունքների առումով թիմը վատ չսկսեց, ինչը չի կարելի ասել խաղի որակի մասին: Բացի այդ՝ «Էլչէի» դեմ տեղի ունեցածն ու «Ատլետիկոյից» կրած հերթական պարտությունը ստիպեցին մտածել՝ իսկ արդյո՞ք Անչելոտին ճիշտընտրություն էր: «Սուպերկլասիկոյին» նախորդող շաբաթվա ընթացքում հիմնականում Դի Մարիայի և Ռոնալդուի փայլուն մարզավիճակի շնորհիվ թիմը կրճատեց Բարսայի հետ միավորների տարբերությունը «ԼաԼիգայում», իսկ ՉԼ-ում, չնայած զիջելով Կոնտեին տակտիկական հակամարտությունում, ոչ առանց մրցավարների օգնության (եթե դուք մինչև հիմա ծիծաղում եք Վիդալի «սիմուլյանտության» վրա, դիտեք սա ) կարողացավ հաղթել «Յուվենտուսին», ինչը, իհարկե թույլ տվեց «Կամպ Նոու» ժամանել շատ ավելի վստահ վիճակում:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բարսելոնա»

Մարտինոն մի քանի հստակ խնդիրներ ունի: Կենտրոնական պաշտպանների զույգը, որտեղ Բարտրան, լավագույն ընտրությունը լինելով, միևնույն է, չի հայտնվի մեկնարկային կազմում: Եվ թվում է, որ ամեն դեպքում Տատան կխաղացնի Պիկեին, ով խայտառակ վատ խաղեր էանցկացնում, և Պույոլին, ով նոր է վնասվածքից ապաքինվել, բայց կարող է թիմակիցներին ոգևորել և լինել այն մարդը, ով կարող է բղավել նրանց վրա: Կիսապաշտպանությունում՝ լավ մարզավիճակում չեն Չավին և Ինյեստան, և քանի որ մարզիչը պատրաստվում է ավելի «ուղղահայաց» ֆուտբոլ խաղալ, մեկնարկային կազմում արժե սպասել Սեսկին: Առջևում էլ միակ հարցն է, թե ով կլրացնի Մեսսի, Նեյմար զույգին. Ալեքսիսը լավագույն ընտրությունն է թվում, թեև վերջին օրերին խոսվում է նաև Սեսկի՝ «կեղծ 9-ի» դիրքում հայտնվելու և Մեսսիի՝ եզր տեղափոխվելու մասին:

Վալդես; Ալվես, Պիկե, Պույոլ, Ադրիանո, Բուսկետս, Չավի, Սեսկ; Նեյմար, Մեսսի, Ալեքսիս Սանչես:

«Ռեալ Մադրիդ»

Անչելոտիի մոտ իրավիճակն այլ է. կախված մարտավարությունից՝ իտալացին կընտրի նաև կատարողներին: Դարպասներում, որքան էլ որ հին «սերուցքայինները» ցանկանան տեսնել Կասիլյասին, կհայնվի Դիեգո Լոպեսը: Պաշտպանությունում միակ հարցը աջ եզրն է, որտեղ ավելի փորձառու Արբելոայի հայտնվելը Կարվախալի փոխարեն ավելի խելամիտ է թվում: Կենտրոնում Անչելոտին ավելի հավանական է, որ կխաղա երեք կառուցող հենակետայիններով՝ զոհաբերելով Իսկոյին: Հարձակման գծում միակ հարցը շարունակում է մնալ Բենզեման, բայց այլ՝ ավելի մարկետինգային խնդիրներից ելնելով՝ պետք է բացառել նաև Դի Մարիայի փոխարեն Բեյլի հայտնվելը:

Դիեգո Լոպես; Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո, Իլյարամենդի, Խեդիրա, Մոդրիչ, Ռոնալդու, Դի Մարիա, Բենզեմա:

Խաղադաշտում սպասվող գլխավոր հակամարտությունները

Տակտիկական առումով ամենահետաքրքիրն այն է, որ երկու թիմերը այս մրցաշրջանում փորձում են նմանվել միմանց՝ մադրիդցիները փորձում են ավելի շատ գնդակով լինել, իսկ Տատան փորձում է ավելի շատ հակագրոհել:

Անչելոտին կարող է սկսել երեք հենակետայիններով, ինչը, ենթադրվում է, որ ամեն դեպքում բավականին կտարբերվի Մոուրինյոյի Բարսայի դեմ խաղերում երեք հենակետայիններով խաղերից: Իլյարամենդին, Խեդիրան և Մոդրիչը միայն խաղ քանդելով չեն զբաղվի: Կարևոր է, թե որքան են պատրաստվում բարձրանալ Պեպեն և Ռամոսը Մեսսիի հետևից, և արդյո՞ք Բենզեման Բուսկետսի դեմ կխաղա, ինչպես որ խաղաց Պիրլոյի դեմ՝ փորձելով փակել առաջին փոխանցումը: Բացի դա, Բարսայի կենտրոնական պաշտպանները՝ Պիկեն կամ Մասչերանոն, կփորձեն գրոհներ սկսել երկար փոխանցումներով:

Մրցավար: Ունդիանո Մալյենկո

Իսպանացի ամենահեղինակավոր մրցավարներից մեկը մինչ այս հանդիպումը «սուպերկլասիկոն» սպասարկել է 6 անգամ, որոնցում 4 անգամ հաղթել են կատալոնցիները և 2 անգամ մադրիդցիները: Նրանցից ամենահիշարժաններն են «Սանտիագո Բերնաբեուում» տեղի ունեցած 2-6-ն ու 2011-ի գավաթային եզրափակիչը, որը հագեցած էր մրցավարական բազմաթիվ անհասկանալի որոշումներով: Ամեն դեպքում, առանց Մոուրինյոյի՝ ենթադրվում է, որ մրցավարի վրա ավելի քիչ ճնշում պետք է լինի:

Նախախաղային հայտարարություններ

Ալվարո Արբելոա. «Սուպերկլասիկոն» մեզ համար կկայանա այն պահին, երբ մենք մեր լավագույն մարզավիճակը ձեռք բերեցինք»:

Կարլես Պույոլ. « «Ռեալը» ամեն անգամ մեր դեմ ավելի լավ է խաղում»:

Կարլո Անչելոտի. «Ես չգիտեմ, թե ով է ֆավորիտը, բոլորը խոսում են, որ ֆավորիտը Բարսան է, սակայն դա կարող է օգնել մեզ»:

Տատա Մարտինո. «Մենք ռիսկի կդիմենք, մենք Բարսան ենք»:

Վիճակագրական տվյալներ

«Սուպերկլասիկոն» հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ 1958-ին, որն ավարտվել է Բարսայի հաղթանակով՝ 4-0:

Մեսսին գոլի հեղինակ դառնալու դեպքում կվերածվի «սուպերկլասիկոների» լավագույն ռմբարկուի՝ 19 գոլով:

Ռոնալդուն մինչ այս պահը Բարսայի դարպասը գրավել է 12 անգամ, որոնցից 5-ում նրան գոլային փոխանցում է կատարել Օզիլը:

Բուքմեյկերների կարծիքը

Titanbet: «Բարսելոնայի» հաղթանակը` 1.8, Ոչ ոքի` 3.75, «Ռեալ Մադրիդի» հաղթանակը` 4.33

William Hill: «Բարսելոնայի» հաղթանակը` 1.75, Ոչ ոքի` 4.00, «Ռեալ Մադրիդի» հաղթանակը` 4.20

Bwin: «Բարսելոնայի» հաղթանակը` 1.80, Ոչ ոքի` 4.00, «Ռեալ Մադրիդի» հաղթանակը` 3.70

Եզրափակում

Թիմերը, ամեն դեպքում իրենց լավագույն մարզավիճակում չեն մոտենում խաղին, բայց տան տերերի հաղթանակը ամենահավանականն է թվում: 2-1

Նախորդ հոդվածը‘Էշթոն. ԵՄ մտադիր է իրեն մերձեցնել «Արևելյան գործընկերության» երկրները’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը սպառնում է Ադրբեջանին ‘