‘Բարսեղ Բեգլարյանի հետազոտություններն ու հակաիշխանական «պասաժը»’

1045

Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի ընկեր, ես կասեի՝ խաղընկեր ու գործընկեր Բարսեղ Բեգլարյանը հարցազրույց է տվել տխրահռչակ «1in.am»–ին ու մի շարք ուշագրավ մտքեր հայտնել։

Պարզվում է, որ «Ֆլեշ»–ի միջոցով բենզին ու դիզվառելիք ծախելուց, Սերժ Սարգսյանի հետ թղթախաղով զբաղվելուց և Տիգրան Սարգսյանի (որ ասում ենք Տիգրան՝ Կճոյանը հետն է) հետ «տերտերություն» անելուց ազատ ժամանակ Բ. Բեգլարյանը էթնոհոգեբանությամբ և ազգագրությամբ է զբաղվում և ուրույն հետազոտություններ իրականացնում։

Այդ հետազոտությունները Բեգլարյանին թույլ են տվել բացահայտել, օրինակ, արտագաղթի պատճառները։ «Ժողովուրդը հիմնականում սոցիալական ծանր վիճակից, աղքատությունից ու իշխանությունների պատճառով է հեռանում երկրից» լրագրողի դիտարկման հետ Բեգլարյանը չի համաձայնվել՝ ներկայացնելով իր տեսակետը։

«Դա մի քիչ ազգային մենթալիտետի խնդիր է: Հայ ազգը սիրում է ման գալ, մի տեղ գտնել»,–արտագաղթին նպաստող պատճառների սեփական գնահատականներն է տվել նորաթուխ ազգագրագետը և հայ ժողովրդի մենթալիտետի մեծն գիտակը։

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ «Ֆլեշի» ղեկավարը Սերժ և Տիգրան Սարգսյանների հետ հաճախ է հանդիպում ու ժամեր անցկացնում նրանց հետ (բլոտ, պոկեր, սեկա, աղոթք, բանկային գործեր, փողերի պտտեցում և այլն), կարող ենք ասել, որ հայ ժողովրդի «ման եկող» և «տեղ գնացող» մենթալիտետի մասին նույնանման տեսակետ է ձևավորված նաև իշխանական վերնախավում, ասել է թե՝ Բարսեղը ներկայացրել է «վերևներում» գերիշխող կարծիքը հայ ժողովրդի մասին (մարդիկ, փաստորեն, սեփական ձախողումները և արտագաղթը դուրս են գրել հայ ժողովրդի մենթալիտետին ու ինքնարդարացման բանաձև գտել)։ Դա է, թերևս, պատճառը, որ Տիգրան Սարգսյանը համակարգված ձևով է հայերին ուղարկում ման գալու՝ ընդլայնելով «Հայկական աշխարհի» շարքերը։

Հայ ժողովրդի մենթալիտետի ու արտագաղթի միջև եղած կապի մասին դատողությունները Բ. Բեգլարյանին բերել են նաև այն եզրակացության, որ հայերն առաջնորդվում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, ինչի հետ Ասկերանից Երևան եկած ու իր հացը Սերժ Սարգսյանի տիրույթներում գտած օլիգարխը համաձայն չէ։

Ի դեպ, Բեգլարյանը, հայտարարելով, որ արտագաղթի պատճառը հայերի սիրած «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքն է, կամա թե ակամա քարեր է նետել իր խաղընկերոջ և գործընկերոջ բոստանները։ Քանզի, Բեգլարյանի ասելով, ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանում հացի խնդիր է առաջացել։ «Ֆլեշի» տիրոջ այս մի միտքն, իհարկե, հակասում է «ման եկող և տեղ գտնող» հայերի մասին նրանց գնահատականին, բայց, ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ նա ծպտյալ ընդդիմադիր է, մանավանդ որ արտագաղթը նվազեցրել է բենզինի պոտենցիալ սպառողների քանակն ու կրճատել եկամուտները։

Ուշագրավն այն է, որ Բեգլարյանը քննադատում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, բայց հենց ինքն է դրանով առաջնորդվել և հսկայական միջոցների տեր դարձել։ Ինչևէ։

Հուսանք, որ հաջորդ հարցազրույցի ժամանակ Բեգլարյանն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի անթրոպոլոգիայի և գենետիկայի թեմաներով։ Շատ հետաքրքիր բաներ կարող են բացահայտվել։

Կարեն Հակոբջանյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մոսկվան դեմ չէ, որ Եվրոպայի հետ համագործակցենք (տեսանյութ)’