‘Բացահայտում. Ինչպես են գումարներ մսխվում պետգնումների միջոցով ‘

1667

ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից վերջերս հրապարակած 2012 թվականի հաշվետվության մեջ կա անդրադարձ գնումների գործընթացի, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման մասին:

Վերահսկողության տակ են առնվել հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացները: Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցայց է տալիս, որ գնումների հետ կապված խնդիրների առանցքը կազմված է հետևյալ երկու հիմնական բացասական երևույթներից.

— երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն` գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է,

— ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն` արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:

Այսպիսով, խնդիրը գտնվում է գնումների գործընթացի պլանավորման, կազմակերպման, պայմանագրերի կառավարման և հսկողության գրեթե բոլոր փուլերում: Ըստ ՎՊ-ի՝ հատկապես, ռիսկային է քաղաքաշինության և ճանապարհաշինության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների նպատակով իրականացվող գնումների գործընթացը:

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գնումների ոլորտում իրականացված այլ ընտրանքային ստուգումներով նույնպես հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ և ռիսկեր, որոնցից որպես օրինակ կարելի է նշել.

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» և «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում ներգրավված թվով 8 գիշերօթիկ և թվով 4 տուն ինետրնատ հաստատությունների կողմից իրականացված գնումների գործընթացի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ և բազմաբնույթ կոպիտ խախտումներ, մասնավորապես հաղթող են չանաչվել մասնակիցներ, որոնք, նույնիսկ, իրավունք չունէին մասնակցելու հայտարարված մրցույթներին:

2.Համաշխարհային բանկի կողմից հաստատված գնման պլանով նախատեսված տեղեկատվական տերմինալների տեխնիկական բնութագիրը «Դատաիրավական» ԾԻԳ-ը լրացրել է վճարային համակարգերով, և ձեռք է բերել 80 վճարային տեղեկատվական տերմինալ` 369,867.1 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Դատական մարմինները, ինչպես նաև ԾԻԳ-ը, իրենց վերապահված լիազորություններով և կանոնադրությամբ վճարահաշվարկային գործառնություններ իրականացնելու իրավասություն չունեն և չեն իրականացնում, դատական համակարգում տեղակայված պետական սեփականություն հանդիսացող այդ տերմինալները օգտագործվում են միայն որպես տեղեկատվական տերմինալ:

Ստուգմամբ պարզվել է, որ վճարային համակարգերով հագեցված տերմինալներ գնելու արդյունքում դատական համակարգի կարիքներին անհրաժեշտ յուրաքանչյուր տերմինալի ձեռք բերման համար «Դատաիրավական» ԾԻԳ-ը ծախսել է ստուգման ժամանակաշրջանում շուկայում առկա տեղեկատվական տերմինալների գնից  ներառյալ` բոլոր հարկերը և վճարները առնվազն երկու անգամ ավելի գումար, այսինքն` անարդյունավետ ծախսվել է 185,000.0 հազ. դրամ:

3.  «Դատաիրավական» ԾԻԳ-ը «Դատական գլոբալ ցանցի կազմակերպման տեխնիկատնտեսական հիմնավորում, դատական համակարգում շահագործվող ծրագրային ապահովման միջոցների կարիքների գնահատում, ԴԱՀ ծրագրի ֆունկցիոնալության ընդլայնում» ծրագիր ձեռք բերելու նպատակով 545,0 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով պայմանագիր է կնքել «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերության և «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի միջև կազմված կոնսորցիումի հետ: Ստուգմամբ պարզվեց, որ գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերությանը: «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակում գումար չի ստացել, ծասխեր չի կատարել, մինչդեռ կոնսորցիումի կողմից ներկայացված մրցութային առաջակում նշված է եղել միայն «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ում աշխատող ծրագրավորողների անունները:

 Իսկ հաշվետվության վերջում Վերահսկիչ Պալատը արձանագրել է.

«Իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ»:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում զոհված զինվորականների մարմինները տեղափոխել են Թբիլիսի’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի վայրերում օձ է հայնաբերվել’