‘Բացի Սմբոյից, Դիմիտրիից, Մաքսհուրից՝ ստվերից ուրիշ դուրս եկողներ կլինե՞ն’

1403

Մի քանի օր առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ, ինչի արդյունքում հաշվարկվել է 391 655, 2  հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով` 268 381, 3 հազար դրամ: Նշենք, որ սույն հաղորդագրությունը հրապարակվել է Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ պայքարի շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, թե հուլիսի 1-ից սկսած,  տասնօրյակը մեկ՝ հրապարակվելու են ստվերի դեմ պայքարի արդյունքները:

Հրապարակված 15 ընկերությունները, իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների ընկերությունները չեն: Նրանց մեջ են, օրինակ՝ «Սմբո», «Դիմիտրի», «Մաքսհուր»՝ հանրությանն անհայտ ընկերությունները:

ՊԵԿ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը` ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ, իսկ հուլիսի 10-ի դրությամբ այդ հարկ վճարողների մոտ իրականացվել են.

— բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174 434,7 հազար դրամի հարկային պարտավորություններ,

— ՀԴՄ կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1 160,0 հազար դրամի տուգանք,

— աշխատողին աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգում, արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ, և արձանագրվել է 231 0,0 հազար դրամի հարկային պարտավորություն,

— հսկողական աշխատանքներ, որոնց ընթացքում 3 գործատուի մոտ ձևակերպվել է թվով 31 լրացուցիչ վարձու աշխատող:

—  հարկ վճարողի մոտ չափագրումներն ընթացքի մեջ են:

Պարզ լեզվով ասած՝ այն ընկերությունների մոտ, որոնք չեն ցանկացել դուրս գալ ստվերից, ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել: Հետաքրքիր է՝ ստուգվող ընկերությունների ցանկում կլինե՞ն օլիգարխների կամ  պաշտոնյաների հետ սերտաճած հայտնի ընկերություններ: Օրինակ՝ «Յուքոմը», «Մեգաֆուդը», «Ալեքս Գրիգը» և այլն: Եթե ոչ, ուրեմն, ստվերից  դուրս գալու փոխարեն՝ ՊԵԿ-ի իրականացրածը պետք է կոչվի հարկային տեռոր:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Մոսկվայի մետրոյում. զոհերի թիվը հասել է 14-ի (լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործունեության վերաբերյալ’