‘Բաց նամակ Արամ Սիմոնյանին. Ես դեպքերի ականատեսն էի, իսկ դուք որտեղի՞ց էիք նայում իրադարձություններին ‘

2808

Երբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից հրապարակված, եւ, ակնհայտորեն, կեղծ ու խեղաթյուրված «Հայոց պատմության» դասագրքի վերաբերյալ հարցազրույց վերցնելու համար զանգել էի ԵՊՀ-ի հանրապետական ռեկտոր Արամ Սիմոնյանին, նա ինձ մի ուշագրավ հարց էր ուղղել: Իմ այն հարցին, թե արդյո՞ք գրքերը հետ կկանչվեն, նա ասել էր, թե «հո, 37 թիվը չէ, որ հետ կանչեն»: Իսկ երբ ասել էի, որ գրքում ներկայացվածը միակողմանի է, իսկ որոշ տեղերում ուղղակի կեղծված, Սիմոնյանը ինձ հակադարձել էր, թե «դու պատմաբա՞ն ես»: Ես պատասխանել էլ, «ոչ, ես պատմաբան չեմ, ես ականատես եմ»: Մեր զրույցի այդ հատվածը հարցազրույցում չէի զետեղել, բայց փառք Աստծո, ձայնագրությունը դեռ պահպանվում է: Ինչեւէ: Իր այս ակնարկով, Սիմոնյանը իբր փորձում էր կասկածի տակ դնել իմ հարցերը, իբր թե, «եթե պատմաբան չես, ինչի՞ ես խոսում պատմության դասագրքի, այդ դասագիրքը գրելու մեթոդիկայի մասին», «ինչպե՞ս ես հայտարարում գրքի օբեկտիվ կամ սուբեկտիվ լինելու մասին»:

Պարոն Սիմոնյանը շտապում էր, այդ իսկ պատճառով երկար հարցազրույց չստացվեց, ու չէի էլ գրելու այն, ինչ պիտի գրեմ, եթե այսօր ԵՊՀ-ն հայտարարությամբ հանդես չգար` կապված սույն դասագրքի հետ:

Ահա այն:

«Ներկայում մի շարք զանգվածային լրատվական միջոցներով և սոցիալական ցանցերով ծավալվող քննարկումները դուրս են քաղաքակիրթ բանավեճի միջավայրից, հարիր չեն ուսումնագիտական աշխատության քննարկումների բնույթին և հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիայի, ֆաշիստական Գերմանիայի և ստալինյան բռնապետության ժամանակաշրջաններում առկա իրողությունները, երբ հալածանքի էին ենթարկվում մտավորականները, խիստ գրաքննվում ու զանգվածաբար այրվում էին գրքերը: Քաղաքակիրթ գործելաոճը ենթադրում է համապատասխան գրախոսության, հակընդդեմ գիտական աշխատության, հրապարակախոսական հոդվածի լույսընծայում, ինչպես նաև գիտական միջավայրում քննարկումներ խնդրահարույց թեմայի շուրջ:

Ի դեպ, ԵՊՀ գիտական պարբերականներն ու թերթը մշտապես բաց են գիտական հակընդդեմ հրապարակումների համար: Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից: Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով, կատարվում է նաև անթույլատրելին` քննարկումներում ներքաշվում են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, հարցը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ: Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի»:

 

Հիմա ասելիքս: Այն, ինչ գրված է դասագրքում, դեռեւս մեր անցյալը չէ: Այն դեռ մեր ներկան է: Ավելին, դեռ այնքան մոտ է մեզ, որ մենք դեռ չենք հասցրել մանրամասները մոռանալ: Պարոն Սիմոնյան, խորհրդային ժամանակներին հատուկ ձեր գործելաոճը ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի անկախության դեմ, այլեւ` մեզ բոլորիս` որպես քաղաքացիներ: 2008-ի կեղծված ընտրությունների արդյունքում մեր` հազարավոր քաղաքացիներիս հիմնավորված բողոքը իրապես ազատ Հայաստան ունենալու համար էր: Դուք որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գուցե եւ երազել ու երազում եք, որպեսզի ձեր կուսակցությունը, եւ կուսակցության առաջնորդը մշտապես լինեն իշխանության ղեկին, սակայն, որեւէ մեկը ձեզ իրավունք չի տվել սերունդներ կրթել` ձեր սեփական իղձերը որպես պատմական փաստեր ներկայացնելու միջոցով: 2008-ի կեղծված ընտրությունների օրը ես տեղամասերում եմ եղել, տեսել եմ մարդկանց, ականատես եմ եղել բոլոր ցույցերին ու հանրահավաքներին, մարտիմեկյան սպանդի ժամանակ կանգնած եմ եղել Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ դուք որտեղ՞ էիք, պարոն Սիմոնյան: Որտեղի՞ց էիք նայում այդ իրադարձություններին, որ այնտեղ փոխհրաձգություն եք տեսել, երկրի կայունությունը խարխլելու ցանկություն: Եթե անգամ չէիք կիսում այդ քաղաքացիների բողոքը, ապա եթե ոչ որպես քաղաքացի, գոնե որպես մասնագետ ինչո՞ւ մեկ անգամ չեք փորձել ականատես լինել այդ իրադարձություններին:

Պարոն Սիմոնյան, դուք չգիտե՞ք, որ մարտիմեկյան սպանդի ժամանակ առնվազն 10 մարդ է զոհվել, 10 հայ: Դուք չգիտե՞ք, որ առայսօր գեթ մեկ մեղադրյալ չկա սպանությունների գործով: Դուք չգիտե՞ք, որ նրանցից մեկը դեռ նոր էր բոլորել իր 17 տարին, մյուսը` Արցախյան պատերազմի մասնակից էր, դուք չգիտե՞ք, որ նրանք որբ զավակներ են թողել, դուք ինչպե՞ս եք նայելու Տիգրան Խաչատրյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն Ֆարմանյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Գրիգոր Գևորգյանի, Համլետ Թադևոսյաի հարազատների աչքերին:  

Պարոն Սիմոնյան, մի՞թե հանրապետական լինելը պարտադիր ենթադրում է տրորել բոլոր մարդկային արժեքներն ու կեղծել պատմությունը: Պարոն Սիմոնյան, վաղը այս տղաներին, ձեր նշած «անկարգությունների» մասնակիցներին որպես հերոսներ են հիշելու: Իսկ Ձե՞զ: Դուք գիտե՞ք, որ Սասուն Միքայելյանը ձեր գրած գրքերի ծանրության չափ բեկորներ ունի մարմնի մեջ: Դուք գիտե՞ք, որ նա եւ մյուս քաղբանտարկյալները նաեւ հանուն Ձեր զավակների արժանապատիվ կյանքի են անցկացրել բանտում: Իսկ դուք, ի՞նչ եք թողելու սերունդներին, պարոն Սիմոնյան:

 

Հ.Գ. Իմ կյանքում երկու կարեւոր իրադարձություններ են եղել, որոնց ականատեսն եմ եղել: Ղարաբաղյան պատերազմը եւ Մարտի 1-ը: Առաջինը փորձում են կեղծել ադրբեջանցիները, երկրորդը` Դուք:

 

Քրիստինե Խանումյան

Լրագրող 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում վերականգնել են Ժվանիայի մահվան գործով քննությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Իսկոն, Կուրտուան եւ Էլ-Շարավին՝ Golden Boy 2012-ի մրցանակի հավակնորդներ’