‘Բաց նամակ Դերենիկ Դումանյանին ‘

929

iLur.am-ը իր ընթերցողներից մեկից բաց նամակ է ստացել՝ ուղղված Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Դումանյան, բազմիցս առնչվելով Երևանի բուժհաստատությունների աշխատանքին՝ թե´ երեխաներիս, թե´ ընտանիքի այլ անդամների խնդիրներով, երբեք հիացած չեմ եղել բյուրոկրատական քաշքշուկներից և «սուրճի 40 րոպեանոց ընդմիջում անող» ու դուռը մարդկանց երեսներին շրխկացնող «բուժաշխատողներից»: Սակայն, թերևս, այդ ամենը պատճառ չհանդիսանար, որ ես որոշեի հատուկ նամակով դիմել Ձեզ: Պարզապես վերջերս տեղի ունեցած մի դեպք լցրեց իմ համբերության բաժակը: Բարեկամուհուս համար, ով տառապում է շաքարախտի ծանրագույն տեսակով, Զեյթունի 8-րդ հիվանդանոցից պետք է ստանայի իրեն հասանելիք ինսուլինը: Նշեմ, որ երևի ոչ բոլոր հիվանդներն են ի վիճակի իրենց հարազատներին դիմել՝ դեղ ստանալու համար, և ստիպված հենց իրենք են գալիս դեղի հերթական չափաբաժնի ետևից: Հետևաբար՝ այդ հերթում գերակշռում են տարեց մարդիկ, ու ասեմ, որ եթե հերթդ նույնիսկ հասնում է՝ ուզում ես տեղդ զիջել ձեռնափայտով պապիկին կամ այտուցված ոտքերով տատիկին: Բայց ողջ խնդիրն այն է, որ ամենայն հավանականությամբ՝ քո հերթը չի հասնի, եթե անգամ դու առավոտվա ժամը 9-ից այնտեղ ես: Ահա թե ինչու. ամեն մի հիվանդի գրանցման վրա ծախսվում է մոտավորապես 15 րոպե, այնինչ 5 րոպեն լիուլի բավական է: Դա, ըստ երևույթին, արվում է, որպեսզի մանրիկ չինովնիկները կարողանան ցուցադրել իրենց իշխանությունը՝ մարդկանց սպասեցնելով: Մաթեմատիկորեն՝ մեկ ժամում 4 հոգի է սպասարկվում: Կան մարդիկ, ովքեր առավոտյան ժամը 8-ից հերթ են պահում: Լավ, ենթադրենք սպասարկվում է 4 հոգի, իսկ դեղը բաց է թողնվում մինչև ժամը 14:00. հապա ի՞նչ իրավունքով է «բուժաշխատողը» 13:20 դուռը շրխկացնում մարդկանց երեսին ու հայտարարում, որ իրենք «կես ժամանոց» «կոֆեի» ընդմիջում են անում, ու տարեց մարդկանց ուղարկում տուն: Անձամբ ես, հրաշքով, երրորդ օրն արդեն ստացա բարեկամուհուս հասանելիք ինսուլինը, այն էլ՝ լուսադեմից հերթ կանգնելու պարագայում: Ինձ հետաքրքիր է՝ հնարավոր չէ՞ արդյոք հանձնարարել պատկան մարմիններին, որպեսզի փոփոխության ենթարկվի դեղերի բաշխման ընթացակարգը: Օրինակ՝ առաջարկել, որ այս, այս և այս քաղաքացիներն իրենց ինսուլինն ստանան այսինչ օրը: Այդ մարդկանց թիվը լինի ճիշտ այնքան, որքան որ թույլ կտա «չհյուծել բուժաշխատողներին» և սպասարկել հերթի մեջ եղած բոլոր մարդկանց: Ի վերջո, այդ մարդիկ հերթ են կանգնում ոչ թե մեկ բաժակ կոկտեյլ ըմբոշխնելու, այլ կենսական կարևոր դեղորայք ստանալու համար:

Շնորհակալ եմ, ՀՀ քաղաքացի՝ Սիրանուշ Եսայան»:

 

Նախորդ հոդվածը‘Երևանը` Եվրո — 2020-ի հավակնորդ քաղաքներից ‘
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը. Ընտանիքի անդամները տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին’