‘Բաց նամակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` ամենայն լրջությամբ ‘

1535

Վերջերս, Երևանի Ծածկած  շուկայի  շենքի  պահպանության  խնդրի  վերաբերյալ  լրագրողի  հարցին  Դուք պատասխանել  էիք. «Հարցը  կլուծվի  այնպես՝  ոնց որ  ես  կասեմ»:  Ասացիք և  Ձեր  խոսքի  «տերն եղաք»: Եվ  մենք  ականատես  եղանք, թե  ինչպես ապօրինաբար  քանդված կամարակապ  դահլիճի  տեղում  հառնեց հսկայական հարկաբաժիններով   համալիրը` «էտաժերկան»:  Արդեն իսկ  եռահարկ  «էտաժերկան»՝  գերհզոր  սյուներով,  նույնքան  էլ  գերհզոր  հեծաններով ու  հորիզոնական  դիաֆրագմաներով,  պատրաստ  է:  Ընթանում  են նորակառույցի  ներքին  կոմունիկացիաների`  խողովակաշարերի  տեղադրման, կահավորման, արտաքին  ապակեպատման, տանիքի թիթեղյա  ժամանակավոր  ծածկի մոնտաժման  և  այլ  շինարարական  աշխատանքներ:  ՄԱԿ-ի նյույորքյան  գրասենյակի  աշխատակիցներից  շատերի  բերանները  բաց  կմնային, եթե  իմանային,  որ  մշակութային  կոթող  հանդիսացող կառույցի  տեղում  վեր  է  խոյացել զրոյական  նիշից  վեր  ու  անօրինական  հարկաբաժիններով  հսկայածավալ  կառույց:

 Հայաստանի մշակույթի, քաղաքաշինության նախարարությունների,  քաղաքապետարանի ներկայացուցիչները,  հաղթողի  ժպիտով,  բազմիցս  և  հընթացս  պնդել  են` այո, նորակառույցն անօրինական է, «անհայտ» պատճառներով շինարարությունը շարունակվում  է, սակայն  «նախագիծ չկա»: Եթե չկա, ուրեմն չեղած բանի համար իրենք պատասխանատու չեն:  Ենթադրենք, որ  այդպես  է` չկա, ակնհայտորեն  տեսանելի  իրեղեն  փաստերն  էլ տեսողական  խաբկանք  են:

Տիկին նախարար, կարելի է ենթադրել, որ շուկայի  շենքի  քանդած կամարների տեղում կառուցվում է փայտաշեն գյուղական արտաքնոց, որի համար գծագրեր, նախագիծ, ծավալներ, նախահաշիվներ պետք չեն: Կառուցող վարպետներն էլ անգիր գիտեն, թե ինչ են կառուցում, գծագրերը գլխներում է, գներն ու ծավալները` մտքով գտել, հաշվել ու նախահաշիվներ են կազմել: Զարմանալի է, որ այս և նման այլ «մանր» խնդիրները նույնիսկ Վերահսկիչ պալատին չեն հետաքրքրել: Ասել է թե` հուշարձանի պղծված կարգավիճակը, նորակառույցի անօրինականությունը, գներն  ու նախահաշիվները զգայացունց չեն: Ինչ է պատահե՞լ որ. վտարյալ (իզգոյ) երկրներում  մշակութային  կորուստներն էլ են «օրինաչափ»:

Գաղտնիք  չէ, որ այս  խնդրին  ծանոթ  են  Բաղրամյան 26-ում: Եթե  այդտեղից  հանձնարարական  տրվի`  պնդել, որ  մածունը  սև է, ուրեմն  այդպես  էլ  կլինի: Եթե  Բաղրամյան  26-ից  երաշխավորել  են  Ձեր  խոսքի «ճշմարտացիությունը»,  ուրեմն  ակնհայտ  է, որ  հարցը  լուծվել  է  այնպես,  ինչպես  Բաղրամյան  26-ում  ասել  են  Ձեզ:

Այդուհանդերձ` համաձայնեք, որ այս «խաղը» պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին: Այդ նպատակով դիմում  ենք Ձեզ առաջարկով, որ պաշտոնապես դիմեք Բաղրամյան  26-ին՝ արտոնություն ստանալու  խնդրանքով:  Այդ  արտոնության  նպատակը  մեկ  այլ  արտոնություն  ստանալն  է,  որի  միջոցով  Ձեզ պաշտոնապես  կարտոնվի  դիմել Ծածկած շուկայի  սեփականատիրոջը,  որ  նա  էլ  արտոնի  մտավորականներից  բաղկացած  մի  փոքր  խմբի  մուտքը  Ծածկած  շուկայի  շենքի  ներսի  տարածք`  արդեն  ոչևս  եղած ութ կամարների  հիշատակը  հավերժացնելու նպատակով տեղում հոգեհանգստի մոմավառություն իրականացնել: Հուսով ենք, որ 15 տարիների ընթացքում ձևավորված կառավարման բրգաձև  մեխանիզմն  այնքան  է  կատարելագործվել, որ  առանց  քաշքշուկների՝  հիշատակի  մոմավառությունը  կկայանա  և  կմնա բոլորիս հիշողության  մեջ  որպես  ապոթեոզ:

Խմբի կազմում կարող եք ընդգրկել ոչ մեծ թվով ճանաչված ճարտարապետների. օրինակ` Արև  Սամուելյան, Ռուզան  Ալավերդյան, Սյոմա  Բարսեղյան, Լևոն  Իգիթյան, կոնստրուկտորներից` Ռոբերտ Ազարյան…  Նշված  «մտավորականները» կներկայացնեն խմբի  պաշտոնական  թևը:  Մյուս թևում  կլինեն  Շուկայի  շենքի    կորստի  հետ  ճարահատյալ  հաշտված  մի  քանի  հուշարձանապաշտներ:

            Իսկապես, տիկին նախարար, ինչու՞ իրատես չլինենք: Մենք`  ընդդիմախոսներս, պարտվել  ենք: Շուկայի շենքի ներսում մենք  արժանապատվորեն կընդունենք մեր  պարտությունը, հաղթողներին նոր  «հաղթանակներ»  կմաղթենք.  ձեռքսեղմումներ,  գրկախառնություններ կլինեն:  Կհռչակենք, որ  Շուկայի շենքի` որպես պատմաճարտարապետական կառույց,  խնդիրն  այլևս  փակված  է:  Կառույցի  անունը Դուք կհանեք  Երևանի  պատմաճարտարապետական    արժեք  ներկայացնող  վերահսկելի կառույցների  ցուցակից:  Ու…  կբաժանվենք   բարեկամաբար:

            Finita  la  comedia…

            Հ.Գ.

Խորհրդային  տարիներն  էին:  Զրուցում  էինք  սփյուռքից  ժամանած  Հայ  Կաթողիկե  եկեղեցու  մի  քահանայի  հետ: Առաջին  անգամն  էր  Երևանում: Եղել  էր  Ծածկած  շուկայում,  տպավորված  էր: «Հռոմի  պապը շատ կերազեր շուկայի  մեծ  սրահի  կամարների  ներքո  պատարագ  մատուցել»,- անկեղծացավ  հոգևորականը:

Մի խումբ հուշարձանապաշտներ                                                                                

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Բարշևսկի. Մեղավորը ոչ թե վարորդն է, այլ՝ սեփականատերը’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտը 50 դրամով թանկանում է՝ «հօգուտ ժողովրդի» ‘