‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին’

1241

Երևանի Ամիրյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես նշվում է, որ իրենք դեռ 2005-ին համարվելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, ստիպված էին լքել իրենց տները: Նոր բնակարանները պետք է պատրաստ լինեին 2007-ին, սակայն մինչև այժմ դրանք բնակիչներին չեն հանձնվել: iLur.am-ը ստորև ներկայացնում է նամակի ամբողջական տեքստը.

«Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2011–2012թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի, և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից, չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Մինչև շենքի ավարտը մենք բնակարան վարձելու վրա ավելի մեծ գումար կծախսենք, քան հողի հարկն է: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, ջրի և կոյուղու գծերը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար: Այդ որ օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: Բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: Կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:

Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք ձեր աշխատակազմին, կառավարությանը, քաղաքապետարանին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, որը տալիս է արկադի ռայկինի հայտնի հերոսին արժանի պատասխան` փոխանակ պարզապես նշի պետության կողմից հաստատված շենքի շինարարության նոր վերջնաժամկետը, մեր դիմումները վերահասցեագրում է ծիգ, որը մեր հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել և չունի, որն էլ իր հերթին մեզ ուղարկում է կադաստր: Այս ամենից հետևում է, որ Ամիրյան 4/4 շենքի շինարարության նոր վերջնաժամկետը կամ պետական գաղտնիք է, կամ պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին, կամ էլ այս շենքը գտնվում է ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև ՀՀ իրավասությունից դուրս:

Մի՞թե այս երկրում չկա մի պետական մարմին՝ կառավարություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և այլն, որը պարտավոր է հետևել քաղաքապետարանի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետի պահպանմանը: Թե լիակատար անտերություն է, և պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին: Եթե պետական մարմինները չեն հարգում իրենց իսկ կնքած պայմանագրերը, ապա ինչպես կարող է քաղաքացին հարգել այդպիսի պետական մարմիններին և չցանկանա օր արաջ արտագաղթել:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք միջամտել ու վերականգնել օրինականությունը և արդարությունը»:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Ստամբուլում՝ առնվազն մեկ մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան հրաժարվել է արտահանձնել մահվան դատապարտված Իրաքի փոխնախագահին’