‘Բաքուն գրավողները ‘

3765

Կապված սահմանի լարվածության հետ, մեր երկրում շատացել են այն մարդիկ, ովքեր բազմապիսի պատմություններ են պատմում այն մասին, թե ինչպես հայկական կողմը կարող էր գրավել Բաքուն, բայց Լևոնը չթողեց:

Այս հիմարությանը պատասխանելն անիմաստ է, սակայն, ինչքան չես պատասխանում, այդ նույն մարդիկ սկսում են հավատալ իրենք իրենց ասածներին ու սեփական անձին հղում անելով, իբր փաստագրված` մեջբերում են մի քանի տարի առաջ իրենց իսկ տված հարցազրույցներն ու մամլո ասուլիսները՝ ներկայացնելով, թե ինչպես էին մեր ջոկատները պատրաստվել Բաքվում ասետրինայի խորոված ուտել, բայց Երևանից հրաման եկավ, որ ոչ մի դեպքում առաջ չշարժվեն, ու դավադրաբար զինադադարի պայմանագիր կնքեցին: 

Չհաշված մնացած հարցերը. մեկը լինի հարցնի` էդ Բաքուն գրավում էիք, որ ի՞նչ անեիք:

Հենա՛ յոթ շրջան ազատագրված է ու արդեն քսան տարի գտնվում է հայկական ուժերի ձեռքում. որևէ բան արե՞լ եք այդ ազատագրված շրջանների համար, թե՞ Բաքուն էլ էիք ուզում գրավել, որ յոնջա ցանեիք ու ոչխար արածեցնեիք:

Մեկ էլ մի անհամեստ հարց. վերջին տասնամյակներում կարո՞ղ եք նշել մի դեպք, երբ մի պետություն գրաված լինի մեկ այլ պետության մայրաքաղաքն ու կարողանա տիրել հարևան երկրին:

Բան չունեմ ասելու. ինչպես ամեն ինչում, այնպես էլ այդ հարցում դուք առաջինը կլինեիք, սակայն հարցն այն է, որ Լևոնն արդեն 15  տարուց ավելի է` ինչ երկրի նախագահը չէ, ու էլ բռնող չկա ձեզ Բաքուն գրավելու համար:

Դե լավ, Բաքուն ահագին հեռու է, գոնե Լևոնից հետո մի միլիմետր հող ազատագրեք, կամ էլ` մի սանտիմետր առաջ շարժեք հայկական դիրքերը: Հիմա էլ հո Լևոնը չկա, որ ընդամենը յոթ շրջան ազատագրվի. հիմա կարող եք 27-ը ազատագրել: Թե՞ պարտադիր Լևոնը պետք է երկրի նախագահ լինի, որ դուք կարողանաք ցույց տալ ձեր հերոսությունը, իսկ առանց Լևոնի` ձեր հերոսությունը սահմանափակվում է միայն հայրենասիրական ասուլիսներ տալով:

Հետաքրքիրն այն է, որ նույն կերպ խոսում են նաեւ 2008-ի մարտի մեկի մասին. Լևոնը չթողեց, որ գրավեն Բաղրամյան 26-ը, թե չէ այժմ արդեն ազատված կլինեինք ավազակներից ու թալանչիներից:

Հիշեցման կարգով ասեմ, որ 2008-ի Մարտի մեկից անցել է վեց տարի, իսկ Լևոնի իշխանությունից հեռանալուց անցել է «ընդամենը» 16 տարի, ու բոլոր գրավել  ցանկացողները, լինի Բաքուն, թե Բաղրամյան քսանվեցը, բավական ժամանակ ունեին դա իրականացնելու և դեռ ունեն, քանի որ աշխարհի վերջը չի եկել, և կարող են հանգիստ իրականացնել իրենց վաղեմի երազանքները: Բայց արի ու տես` և՛ հող գրավելու, և՛ Սերժ Սարգսյանի ավազակապետությունից չազատվելու մեղավորը կրկին Լևոնն է, որը թույլ չի տալիս նրանց` «վճռական» գործողությունների դիմել:

Հիմա կասեք` բայց այդ ընթացքում այլ ժամանակներ էին, ու այն ժամանակվա շանսն ուրիշ էր: Իսկ ի՞նչն է խանգարում ձեզ, որ դուք էլ ձեր շանսը ստեղծեք ու այդ շանսից օգտվեք: Թե՞ այդ «շանսերն» առանց Լևոնի չեն ստեղծվում:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը հաշմանդամների համար 101 կայանատեղի է կահավորել’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Շոգ ամառը շարունակվում է’