‘Բաքուն ԵՄ-ին առաջարկում է գործընկերության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել’

991

Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը: «Մենք արդեն Եվրամիությանը տեղեկացրել ենք, որ չենք կարող ընդունել ԵՄ-ի առաջարկած ասոցացման համաձայնագիրը: Մենք ուզում ենք փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի ճշգրիտ կհամապատասխանի Եվրամիության հետ մեր հարաբերությունների և համագործակցության մակարդակին»,- ասել է Մամեդովը: Ըստ նրա՝ Բաքուն ԵՄ-ին առաջարկել է «մեր համագործակցության ձեռք բերված մակարդակը նկատի ունենալով՝ ստորագրել գործընկերության համաձայնագիր»: «Նման համաձայնագիրը կարտացոլի երկկողմ համագործակցության մակարդակը և կապահովի երկու կողմերի փոխադարձ հարգանքն ու իրավահավասարությունը»,- ընդգծել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Մինչդեռ, ըստ Մամեդովի՝  ասոցացման համաձայնագիրը ինքնին պայմաններ է դնում, որոնց կատարման դեպքում միայն կարելի է դառնալ այդ կազմակերպության գործուն անդամ: Մամեդովը հերքել է այն պնդումները, թե Ադրբեջանը ԵՄ-ի  ասոցիատիվ անդամությունից հրաժարվել է Ռուսաստանի կողմից ճնշումների հետևանքով, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արաբ շեյխը գումար է տրամադրել Հաղարծինի վանքը նորոգելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հարյուր հազարավոր մարդիկ Թաիլանդում պահանջում են կառավարության հրաժարականը’