‘Բաքուն պատժամիջոցներով սպառնում է Կարմիր Խաչին’

1079

Ադրբեջանի իշխանությունները սպառնում են վտարել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հանրապետության փոխվարչապետ, փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ «եթե սեղմ ժամկետներում տեղի չունենա հանդիպումը պատանդ վերցվածների հետ, ապա ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության նկատմամբ կկիրառվեն լուրջ միջոցներ, ընդհուպ մինչև երկրից վտարում»:

Նա նշել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի ներկայացուցչությանն արվել է խիստ նախազգուշացում: Ըստ Հասանովի, այն, որ մեկ շաբաթվա ընթացքում չհաջողվեց հանդիպում կազմակերպել «Քելբաջարում պատանդ վերցված ադրբեջանցիների» հետ, կասկածի տակ է դնում ԿԽՄԿ գործունեությունը: «Ադրբեջանցիների կողմից գերի կամ պատանդ վերցվածներից ո՞ր մեկն է ենթարկվել տանջանքների: Ինչի՞ց է, որ երբ ադրբեջանցիների կողմից մի հայ է պատանդ վերցվում, ԿԽՄԿ իսկույն դիմում է ադրբեջանական կառավարությանը և անմիջապես կազմակերպում հանդիպում: Ինչու հայկական կողմն էլ նույնը չի անում: Դրա համար էլ Ադրբեջանի կառավարության հետ հանդիպմանը ես ԿԽՄԿ-ին լրջորեն նախազգուշացրել եմ, որ եթե սեղմ ժամկետներում տեղի չունենա պատանդ վերցվածների հետ հանդիպումը, ապա ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության նկատմամբ կկիրառվեն լուրջ միջոցներ, ընդհուպ մինչև երկրից վտարում: Թող աշխատեն ու միջոցներ ձեռնարկեն»,-հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Սահմանադրականության հայրը»՝ Սերժի գզիրի դերում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական կողմը հրաժարվել է ստորագրել առանց լրացուցիչ թույլտվության ՌԴ-ում աշխատելու մասին համաձայանգիրը ‘