‘Բաքուն քննադատում է Թուրքիային՝ Երեւան-Վան չվերթների համար’

1004

«Արտոնելով ուղիղ թռիչքներ Վանից Երեւան՝ Թուրքիան խորացնում է Լեռնային Ղարաբաղի  օկուպացիան», — գրել է այսօր ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովը թուրքական «Զաման»-ում: Հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: 

Վերլուծաբանը պնդում է, թե «մինչեւ օրս Թուրքիան կարողացել է հաջողությամբ առաջ տանել Հայաստանի մեկուսացման եւ զսպման իր քաղաքականությունը, սակայն այժմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվող նոր ուղիղ չվերթը ակնհայտորեն խախտում է այս մարտավարությունը»:

Ավելի վաղ, հիշեցնենք, թեմային անդրադարձել էր նաեւ պաշտոնական Բաքուն՝ հրապարակավ քննադատելով հաջորդ ամսվանից մեկնարկող նախաձեռնությունը:

«Դրանով Անկարան աջակցում ու ուժեղացնում է մի երկրի, որը շարունակում է օկուպացնել ադրբեջանական տարածքները», — հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը եւ բացահայտորեն խոստովանել, որ Բաքուն ոչ միայն մտահոգված է, այլեւ խանդով է վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին. — «Երբ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է այնպիսի երկիր, որի հետ մենք բարեկամական կապեր ունենք եւ որի ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, ապա մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան»:

Նշենք, որ ադրբեջանական կողմի դժգոհություններին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը եւ Բաքվում Թուրքիայի դեսպանը մի քանի անգամ արդեն հայտարարել են, թե Երեւան-Վան չվերթը իրականացվում է ոչ թե Թուրքիայի կառավարության, այլ մասնավոր ընկերության կողմից: Անկարայի պաշտոնական այս պարզաբանումը, սակայն, Ադրբեջանի իշխանություններին կարծես չի գոհացրել, կասկածները չի փարատել:

«Դեռ պետք է պարզել, թե որքանով են ձեռնտու եւ եկամտաբեր այդ չվերթները մասնավոր ընկերության համար», — նախօրեին Բաքվում հայտարարել է

Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը:    

Աղբյուրը` «Ազատություն» ռ/կ

Նախորդ հոդվածը‘Ըստ Շարմազանովի` ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է նախընտրական ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Ռաջաբովին’