‘Բաքու-2015. Հայ բռնցքամարտիկների վիճակահանությունը’

823

Տեղի է ունեցել առաջին Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանը Բաքվում ներկայացնելու են 6 մարզիկներ:

46-49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/8-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ: Հաղթանակի դեպքում մեր մարզիկը կմենամարտի թուրք Ունլուի հետ: Բացի այդ, Ալեքսանյանի հետ նույն ցանցում են Ադրբեջանի, Իռլանդիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/8-րդ եզրափակիչում կմրցի հունգարացի Նանդոր Կշոկայի հետ, ով այսօր պարտության է մատնել ռումին մրցակցին: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: հաջող մենամարտելու և ադեկվատ մրցավարության դեպքում Նարեկը կարող է առաջ գնալ մրցաշարային ցանցում, ընդհանուր առմամբ, իր ցանցում ընդգրկված բոլոր մրցակիցներին հաղթելը մեր մարզիկի ուժերի սահմաններում է:

Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: 1/8 եզրափակչում նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի (Լեհաստան) — Ստեֆան Իվանով (Բուլղարիա) մարտի հաղթողի հետ: Ավագյանի հետ նույն ցանցում են ընդգրկված բելառուս, վրացի,բրիտանացի ու թուրք բռնցքամարտիկները:

60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: Այս զույգի հաղթողը 1/4 եզրափակչում կհանդիպի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան) — Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտի հաղթողի հետ: Նույն ցանցնում են ընդգրկված նաև թուրք, իռլանդացի և ուկրաինացի մարզիկները:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ևս ազատ է 1/16 եզրափակչի գոտեմարտից: Նա կմեկնարկի 1/8 եզրափակչից` հունիսի 21-ին: Առաջին մրցակիցը բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի մենամարտի հաղթողն է: Եթե Բաչկովը կարողանա հաղթել, ապա նրան քառորդ եզրափակչում, ամենայն հավանականությամբ, կսպասի բրիտանացի մարզիկը: Այս ցանցի ֆավորիտնրից մեկը Ադրբեջանը ներկայացնող կուբացի Սատամայորն է:

81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին: Հաղթելու դեպքում Հարությունովը կարող է հանդիպել ադրբեջանցի Մամադովի հետ, ով 1/16 եզրափակչում մենամարտելու է բրիտանացի Բուատսիի հետ: Այս մարզիկների հետ միևնույն ցանցում է նաև ռուս Սիլյագինը:

Նախորդ հոդվածը‘sport1.de. Ինչպիսին է լինելու Տոմաս Տյուխելի «Բորուսիան»’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Դատախազի հաղորդմամբ` քրեական գործով քննիչի հանձնարարականները ոստիկանները չեն կատարել’