‘Բաքվի քարոզչության հերթական «ձեռքբերումը». Սահմանից լուր են տալիս՝ հղում անելով «ռուսական աղբյուրներին»’

1438

Ադրբեջանական քարոզչությունը «նորանոր բարձունքներ» է գրավում՝ փորձելով գոնե ներքին լսարանի համար մեղմել վերջին տասնօրյակում սահմանին ադրբեջանական բանակի կրած ձախողումները: Հավանաբար այս ընթացքում հասկանալով, որ ադրբեջանական հասարակությունը հավատ չի ընծայում զոհերի եւ վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվությանը,  ադրբեջանական կառավարական APA գործակալությունը իբր հայկական կողմի կրած կորուստների մասին տեղեկատվություն է տարածում՝ հղում անելով «Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրներին»:  

Ընդ որում՝ «լուրը» խորհրդավորության մշուշով պատելու եւ ընթերցողին դրա հավաստիությունը ստուգելու հնարավորությունից զրկելու նպատակով լրատվամիջոցը նշում է, թե հայկական կողմի «զոհերի» մեծ մասը վարձկաններ են, որոնց մասին տեղեկատվությունը ի սկզբանե գաղտնի է եղել:  

Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը մշտապես սահմանային միջադեպերը ներկայացնում է որպես հայկական կողմի նախաձեռնություն, որի արդյունքում, իբր, ավելի շատ տուժում են հենց հայերը: Հայտնի է, որ սովորաբար ավելի մեծ կորուստներ կրում է հարձակվող կողմը: Մինչդեռ, հատկապես վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները խախտել են սեփական ալգորիթմը. մի կողմից՝ նրանք շարունակում են սահմանային միջադեպերը ներկայացնել որպես «հայկական կողմի ագրեսիա», մյուս կողմից՝ որքան էլ փորձում են ավելացնել հայկական կողմի կորուստները եւ նվազեցնել սեփական կորուստները՝ ստացվում է, որ ադրբեջանական կողմը առնվազն 3-4 անգամ ավելի շատ զոհեր է ունեցել, քան «ագրեսիվ» հայերը: 

Վերջին տասնօրյակի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Դրա հետեւանքով հայկական կողմից զոհվել են 6, վիրավորվել՝ 7 զինծառայողներ, մինչդեռ ադրբեջանական բանակը ունեցել է առնվազն 25 զոհ եւ ավելի քան 30 վիրավոր:

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայաստանցիներին’
Հաջորդ հոդվածը‘Փոխհրաձգություն շփման գծում. Հայկական կողմը ունի մեկ վիրավոր’