‘Բա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու կա՞մքը, հարգարժան պարոն ՀՀ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան’

2965

Ես չեմ մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից ոչ մեկին: Կարող եմ հազարումի պատճառաբանություն ներկայացնել, թե` ինչու, բայց տվյալ դեպքում դա էական չէ: Ես հեչ հայրենասեր չեմ, ասեմ, ու անցնենք առաջ: Բայց հանրահավաքները մանրամասն դիտել եմ ինտերնետային ուղիղ եթերով:

Այն ժամանակ, երբ հանրահավաքներից մեկում ընտրված ՀՀ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց տվեց ցուցարարներին` դիմե՞լ, թե՞ չդիմել Սահմանադրական դատարան, այդ պահին օպերատորի տեսախցիկն ուղղված էր հարթակին, ու ես չտեսա, թե ցուցարարներն ինչի օգտին քվեարկեցին: Չեմ ուզում անդրադառնալ այն խնդրին, որ ազգընտիրը, նախ, պետք է ներկայացներ հասարակությանը` Սահմանադրական դատարան դիմելու դրական եւ բացասական կողմերը (անդրադարձներ եղել են) եւ նոր միայն այդ հարցով դիմեր նրանց: Հո գաղտնիք չէ՞, որ ազատության ձգտող մարդիկ միշտ չէ, որ անհրաժեշտ գիտելիքներ են ունենում նման նուրբ քաղաքական քայլերի հարցում:

Ինչեւէ: Ինքս չեմ մասնակցել, բայց տղաս մասնակցել է այդ հանրահավաքին: Ըստ նրա`Հրապարակում մի քանի ձեռք է բարձրացել՝ Սահմանադրական դատարան դիմելու օգտին, մեծ մասն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, իսկ հարթակի առաջ խմբված` բոլոր ելույթներին նույն ակտիվությամբ արձագանքողների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել: Ասել է թե` մեր թանկագին ընտրյալ, չդիմես Սահմանադրական դատարան: Թե ինչու՝ իրենք կիմանան: Ինձ այլ հարց է հետաքրքրում:

Հայաստանի նորընտիր նախագահը բոլոր հանրահավաքներին ընդգծում է, որ ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է պայքարում, ինքն էլ, փաստորեն, ընդառաջ է գնում ժողովրդի կամքին: Սիրուն է ասում: Ճիշտ է ասում: Եթե Հրապարակում ցուցարարներ չլինեն, ոչ մի հաղթած նախագահ` որքան էլ իր հաղթանակն ակնհայտ լինի, ծառի անմեղ ու անվնաս ճյուղ էլ չի կարող ճոճել ընդդեմ իշխանությունը զավթողի:

Երեկ ուշ գիշերին հաղորդագրություն տարածվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելու է Սահմանադրական դատարան: Ի դեպ, ես երկու ձեռքով կողմ եմ, որ դիմի: Բայց Հրապարակում չեմ եղել, այն հատուկենտ ցուցարարների հետ չեմ քվեարկել ՍԴ դիմելու օգտին, այնպես որ` սա ընդամենը կողմնակի մարդու կարծիք համարեք ու առաջ անցեք:  

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի համար, իրոք, առաջնայինը ցուցարարների կամ, ինչպես ինքն է սիրում կրկնել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսակետն է, ինչու՞ է հիմա հակառակվում այդ մարդկանց եւ դիմում դատարան: Եթե ցուցարարների կամ, ինչպես ինքն է սիրում կրկնել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսակետն առաջնային չէր, ինչու՞ էր վերոգրյալ հարցով դիմում այդ մարդկանց:

Բա չիմանա՞նք: Մարդ ենք էլի, հետո՞ ինչ, որ Կիմա Եղիազարյանի նման հայրենասեր ու ընդդիմադիր չենք:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է աֆղանցիներին փոխանցել ISAF-ի ռազմական օբյեկտների մի մասը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարար. Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է’