‘Բեգլարյան եղբայրները՝ Սերժ Սարգսյանի PR-ի քավության նոխազ ‘

4718

Թեև կառավարության հետ շաբաթ օրը կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը «դուք»-ով դիմեց միայն ԿՏ նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին, (Չոռնի Գագո) իսկ մյուսների հետ նախընտրեց հաղորդակցվել անուններով կամ անունների կրճատ տարբերակը հնչեցնելով, սակայն, այդ խորհրդակցության առաջին արդյունքը եղավ այն, որ այսօրվա կառավարության նիստը տհաճ ավարտ ունեցավ նույն Գագիկ Բեգլարյանի համար. աշխատանքից ազատվեց նրա եղբայրը` Պետական գնումների աջակցման կենտրոնի պետ Հակոբ Բեգլարյանը: Այսպիսով, Բեգլարյան եղբայրներն արդեն երրորդ անգամ Սերժ Սարգսյանի PR-ի քավության նոխազն են դառնում:

Գագիկ Բեգլարյան. Դոմինգոյի «զոհը»

2010 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Գագիկ Բեգլարյանը: Պատճառը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպն էր (երբ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանն առաջարկել էր Բեգլարյանի տիկնոջն ու նրա ընկերուհուն նստել ոչ թե հրավիրատոմսում նշված, այլ` մեկ ուրիշ տեղում), որի արդյունքում Բեգլարյանն առևանգել և ապտակել/ծեծել էր Արամ Կանդանյանին: Բեգլարյանն, իհարկե, երբեք էլ շարժումների ու քայլերի նրբանկատությամբ աչքի չէր ընկել (հատկապես ընտրությունների ժամանակ), սակայն այդ անգամ Սերժ Սարգսյանը որոշել էր դեպքն օգտագործել սեփական PR-ի համար և Բեգլարյանին ժամանակավորապես երկրորդ պլան մղելով` հանրության մեջ կուտակված հետընտրական (2008-ի նախագահականի եւ 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների) գոլորշին հնարավորինս բաց թողնել: «Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է։ Մասնավորապես, չի եղել ոչ առևանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է: ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»,- դեպքի կապակցությամբ հայտարարել էր Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը: Այդպիսով, Բեգլարյանը հրաժարական տվեց, նրան պահեստայինների նստարանին պահեցին մինչև այս տարվա ԱԺ ընտրությունները, ընտրություններից առաջ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, նրանք դարձան ՀՀԿ համագումարի պատվիրակներ, իսկ թե ինչ եղավ հետո` բոլորը գիտեն: Ընտրություններից հետո Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Կապի եւ Տրանսպորտի նախարար եւ լրագրողներին առաջարկեց մոռանալ Դոմինգոյի պատմությունը:

Յուրի Բեգլարյան` «Տարոն, սիրուն չի»-ի «զոհը»

Աբովյան փողոցի փոքրիկ խանութ-բուտիկներն ապամոնտաժվելուց հետո իբր ժամանակավորապես տեղափոխվեցին Մաշտոցի պուրակ, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց քաղաքացիական հասարակության շրջանում: Մի քանի ամիս տևած պայքարն արդյունք չէր տալիս, մինչև այն պահը, երբ ԱԺ ընտրությունների հենց նախաշեմին պուրակ գնաց անձամբ Սերժ Սարգսյանն ու ասաց` «Տարոն, սիրուն չի, ապամոնտաժի»: Արդյունքում՝ հարցը տեղում լուծվեց, խանութներն էլ ապամոնտաժվեցին: Եւ որ ամենակարևորն է, ապամոնտաժված խանութներից մեկը պատկանում էր Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրի Բեգլարյանին, ով դեպքից հետո «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց, թե «մենք տարանք-սարքեցինք, իրանք էլ պրոբլեմը լուծեցին, դառան հերոս: Իրականում պրոբլեմը ոչ մեկն էլ չի լուծել»: «Ո՞ւմ ինչ բողոքարկենք, սպասում ենք, որ լուծում տան, էլ ի՞նչ անենք, մտածենք, որ էդ դժբախտությունն էլ մեր հետ եղավ… Դուս ա գալիս՝ սաղ անհանգստանում են էդ պատերի համար: Որ մի բան էլ, ասենք, դուրս ա գալի, որ մենք էս քաղաքի պատի վրա խազ ենք անում: Մի բառով եմ ուզում ավարտեմ՝ ոնց ասեն: Ոնց ասեն, ես իրենց հետ համաձայն եմ, ուրիշ բան չկա»,- հայտարարել էր Յուրի Բեգլարյանը: Բայց անցածն անցած էր, եղածը` եղած:

Հակոբ Բեգլարյան. «Տիգրան, փնթի վերաբերումք է»-ի զոհ

Բեգլարյան եղբայրներից Հակոբ Բեգլարյանը ևս անմասն չմնաց այս ամենից. ինչպես վերը նշեցինք՝ այսօր կառավարության նիստում նա ազատվեց Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնից: Կարելի է ասել, որ նա ամենաուժեղ հարվածի տակ ընկավ (դեռ կընկնի)՝ հաշվի առնելով գալիք նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրությունները ոչ ԱԺ ընտրություններ են, ոչ էլ, առավելևս, Երևանի ավագանու ընտրություններ: Այս ընտրություններին Սերժ Սարգսյանն ավելի մեծ թափով է պատրաստվում, նախագահական ընտրությունները Սարգսյանի համար կյանքի և մահու նշանակություն ունեն: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այս ընտրություններից կախված է ոչ միայն իր իշխանության, այլ նաև իր սեփական ճակատագիրը: Այս գիտակցումը Սարգսյանին մղում է ամենածայրահեղ, ամենաանսպասելի քայլերի: Նորից Բաղրամյան 26-ում հայտնվելու գերխնդրով տարված Սարգսյանի համար այդ ճանապարհին բոլորը միայն մանր պեշկաներ են, որոնց հետ կարելի է վարվել այնպես, ինչպես կցանկանա, միայն թե հասարակության մեջ տպավորություն ձևավորվի, թե ինքը սկիզբ է դրել բարեփոխումներին, սկսել է բռնել «գլխից», «մեծերին»: Ու պարզվեց, որ Սերժ Սարգսյանի համար այդ «մեծ գլուխ»-ը ընդամենը Հակոբ Բեգլարյանն էր, (ով հազիվ թե ինքնագլուխ որեւէ գործողություն աներ` առանց ամենավերեւինների իմացության), մոռանալով, որ երբ ժողովուրդն ասում է «գլխից, մեծերից», նկատի է ունենում ամենագլխավորներին, «ամենամեծերին»: Սարգսյանը, թերևս մոռանում է, որ այս երկրում ամենաթողության համար պատասխանատու միայն մեկ «մեծ գլուխ» կա, և այդ «մեծ գլուխն» առայժմ նստում է Բաղրամյան 26-ում. իսկ թե հետո որտեղ կնստի, կորոշի արդեն դատարանը:

Հ.Գ. Բեգլարյանի եւ նրա ղեկավարած ողջ անձնակազմի պաշտոնանկությունը շատ փոքր բան է: Ի վերջո, խնդիրը ոչ թե այն է, որ համակարգը մաքուր է, իսկ այդ համակարգի մեկ օղակը` ոչ, այլ նրանում, որ համակարգը, Սերժ Սարգսյանի ասած, «գլխից» մաքուր չէ: Հենց այդ «գլուխն» է թելադրում համակարգի խաղի կանոնները` «ատկատներն» ու մյուս բաները, եւ համակարգի մեկ առանձին մասնիկ չի կարող աշխատել այդ կանոնների տրամաբանությունից դուրս: Նրան, ուղղակի թույլ չեն տա: Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի դեպքը ձեզ օրինակ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում չինովնիկներին պատժում են ոչ թե «անմաքուր», «ատկատով» աշխատելու համար, այլ, կամ այդ տրամաբանությունից դուրս աշխատելու համար, կամ էլ` ատկատների տոկոսները ժամանակին մինչեւ վերեւ չհասցնելու, կամ էլ` տոկոսների պակասորդի համար: Որեւէ մեկը չի պնդում, թե Բեգլարյանի եղբայրը մաքուր էր աշխատում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե համակարգը մաքուր լիներ` ոչ Գագիկ Բեգլարյանը կլիներ այդ համակարգում, ոչ նրա եղբայրը, եւ ոչ էլ առավելեւս` Սերժ Սարգսյանը: 

Պարգեւ Ապրեսյան 

Լուսանկարը՝ Photolur

Նախորդ հոդվածը‘Գնումների աջակցման կենտրոնն առայժմ չի մեկնաբանում ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը’