‘Բելառուսական ոստիկանությունը պատերազմում է նուդիստների դեմ’

987

Բելառուսում իր մեծությամբ երկրորդ խոշոր արհեստական լիճը՝ Մինսկի ծովը, ինչպես անվանում են Զասլավսկի ջրամբարը տեղացիները, հայտնվել է 1980-ական թթ. վերջերին: Ժամանակի ընթացքում մերկության սիրահարներն ընտրել են ջրամբարի ափամերձ տարածքներից մեկը՝ 50 մետր երկարությամբ, որն անվանել են «Նատուրիստ» ու նույնիսկ ցուցանակ են ամրացրել այդտեղ, թեպետ դրա վերաբերյալ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չունեն: Սակայն վերջին տարիներին Մինսկի  ոստիկանությունն արտակարգ ուշադրություն է դրսևորում մերկ մարմինների նկատմամբ: Ուրիշ հանգստացողներից բողոքներ ստանալու պատրվակով ոստիկանները հանգստյան սեզոնն սկսվելուն պես դառնում են «Նատուրիստի» մշտական այցելուները. Նրանք նուդիստներին տեսանկարում են, ապա քաշվում իրենց ավտոմեքենայի մեջ, որտեղ, ըստ երևույթին, ուսումնասիրում են նկարահանված տեսանյութը: Ապա նրանցից մեկը վերադառնում է լողափ և տուգանում, թերևս՝ իրենց ընտրած «լավագույն» նուդիստին: Տուգանքի չափը 300 հազար բելառուսական ռուբլի է (մոտավորապես 35 դոլար), փոխանցում է lenta.ru-ն:

Բայց գուցե մինսկյան ոստիկանությունն իզուր է հարձակումներ գործում նուդիստների վրա: Չէ՞ որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է մինչև անգամ ցույց տվել, որ իրեն օտար չեն նատուրիզմի արժեքները: 2010 թ., գտնվելով Վենեսուելայում, նա հարցազրույց էր տվել տեղացի լրագրողներին՝  լողազգեստով ու «ֆուտբոլկայով»: «Ես երբեք դեռ մերկ  վիճակում չէի զրուցել»,- ասել է Լուկաշենկոն: Գուցե մի օր էլ նա այցելի «Նատուրիստ» լողա՞փ. դե՛ թող տուգանեն:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ Դանիայի հետ խաղում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրվե՞ն ընդդիմադիր թեկնածուներ’