‘Բելառուսն ու Ղազախստանը չեն շտապում համերաշխություն հայտնել Կրեմլին Ուկրաինայի հարցում — DW’

947

Բելառուսը, ինչպես եւ Ղազախստանը, չեն շտապում աջակցություն հայտնել Ուկրաինայի պառակտմանը միտված` Մոսկվայի քաղաքականությանը, գրում է Deutsche Welle-ի մեկնաբան Նատալյա Մակուշկինան: 

«Հարեւան երկրի տարածքի մի մասը բռնազավթելու հարցում խնդիր չտեսնող Կրեմլի կայսերական խաղերը բավական վախեցրել են ե’ւ Լուկաշենկոյին, ե’ւ Նազարբաեւին, որոնք տնտեսական օգուտներ են սպասում Ռուսաստանի հետ Եվրասիական միությանը մասնակցությունից: Այժմ թե մեկը, թե մյուսը իրենց վրա են վերցնում այն իրադրությունը, որի դեպքում դաշնակիցը լոյալության բացակայության համար կարող է պատժվել` ընդհուպ մինչեւ ռազմական միջամտությունը: Այնպես որ, Պուտինը չպետք է Մինսկում եւ Աստանայում հենարան փնտրի հարեւանների հետ հարաբերություններում իր ագրեսիվ քաղաքականության հարցում», — գրում է վերլուծաբանը` շարունակելով.

«Իհարկե, Բելառուսն ու Ղազխստանը կնախընտրեին դեմ չգնալ Ռուսաստանին ինտեգրացիոն շինարարության որոշակի փուլում, երբ երկրներից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն պրեֆերենցիաներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից:

Միեւնույն ժամանակ, մարտի 5-ին Մոսկվայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական նիստից հետո, որի ընթացքում շոշափվել է նաեւ ուկրաինական հարցը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը զերծ մնացին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի գնահատականներ տալ, որոնք կվկայեին Կրեմլի հետ իրենց համատեղ դիրքորոշման մասին:

Ավելին, բառացիորեն հաջորդ օրը Նազարբաեւը հանձնարարեց բարձրացնել մարտական պատրաստականությունը Ղազախստանի զորքերում, որի հյուսիսում առավելապես ռուսալեզու բնակչություն է ապրում:

Բելառուսի ԱԳՆ-ը ավելի վաղ, ի հակառակ Մոսկվայի, հայտարարել էր խաղաղ ճանապարհով Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման նպատակահարմարության մասին եւ միանշանակորեն արտահայտվել էր Կիեւի նոր կառավարության հետ համագործակցության օգտին:  «Մեծ երկիրը քարուքանդ անելու» դեմ արտահայտվել է նաեւ ինքը` Լուկաշենկոն, իսկ Բելառուսի նախագահի աշխատակազմի տեսակետն արտահայտող վերլուծաբան Վսեվոլոդ Խիմովը Ուկրաինայի տարածքային բաժանումը «չափազանց վտանգավոր նախադեպ» է համարել», — գրում է գերմանական լրատվամիջոցի վերլուծաբանը:

Ավելին

Նախորդ հոդվածը‘Հարկերի, տուրքերի եւ ակցիզների հաշվին՝ ավելացրել են բյուջեի եկամուտները ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի արտգործնախարարի հետ’