‘Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Սոմալիի ծովահենների պարագլուխներից մեկին’

736

Բրյուսելի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է Սոմալիի ծովահենային խմբավորումներից մեկի ամենաազդեցիկ պարագլուխներից մեկին՝ Մուհամեդ Աբդի Հասանին: Նրա անունը 2005 թ. ի վեր հիշատակվում է ՄԱԿ-ի՝ սոմալական ծովահենությանը վերաբերող զեկույցներում՝ որպես Սոմալիի ափերում գործող ծովահենային խմբավորումների ամենահարուստ և ազդեցիկ ղեկավարներից մեկը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ Աբդի Հասանն իջել է Քենիայից ժամանած ինքնաթիռից: Նրան տեղափոխել են Բրյուգե և արդեն մեղադրանք են ներկայացրել:

Դոլարային միլիոնատեր Աբդի Հասանն անցյալ տարի հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել ծովահենությունը և զբաղվել քաղաքականությամբ: Ի դեպ, եվրոպական քաղաքականության և լոբբիզմի կենտրոն՝ Բրյուսել այցելելու մտադրությունն իրականացնելով՝ Ադբի Հասանը կատարել է իր կյանքի առաջին և, թերևս, ամենակոպիտ սխալը: Հենց նա էր համակարգել 2009 թ. բելգիական առևտրական «Պոմպեա» նավը զավթելու գործողությունները, որի անձնակազմը գերության մեջ անցկացրեց ավելի քան երկու ամիս և ազատ արձակվեց փրկագնի դիմաց: Այդ պահից ակսած՝ ծովահենի ձերբակալության միջազգային օրդերին Բելգիայում ավելացվեց նաև ազգային օրդերը:

Միջազգային տնտեսության կորուստները սոմալիական ծովահենությունից կազմում են տարեկան 18 միլիարդ դոլար, ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ելույթ ունենալով  Դուբրովնիկում (Խորվաթիա) հյուսիսատլանտյան դաշինքի ամենամյա 59-րդ նստաշրջանում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վահրամ Աթանեսյանը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ «ասելիք չունի» ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Զորի Բալայանը աչքի է ընկել բյուջեի հաշվին շրջագայելու մոլուցքով’