‘Բեմականացման փոխարեն՝ իրական գործադուլ’

1654

Եվ այսպես, հուլիսի 7-ից գազը թանկացավ, ու հնարավոր է՝ առաջիկայում ականատես լինենք զանգվածային գործադուլի: Համենայն դեպս՝ մոտ 65 փոխադրող կազմակերպություններ սպառնացել են նման քայլի դիմել, եթե իշխանությունները լուրջ փոփոխություններ չանեն: Պարզ ասած՝ թույլ չտան բարձրացնել ուղեվարձը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Սկսենք նրանից, որ Հայաստանում ե՛ւ ավտոբուսների, ե՛ւ երթուղայինների, ե՛ւ տաքսի ծառայությունների վարորդներն աշխատում են բառիս բուն իմաստով ստրկական պայմաններում. օրական աշխատում են 14-15 ժամ և վաստակում 4-5 հազար դրամ՝ ճիշտ այնքան, որ բավականացնի օրը երեք անգամ ցամաք հաց ուտելուն: Նրանց, իհարկե, ձեռնտու չէ, որ ուղեվարձը թանկանա, որովհետև տրանսպորտից օգտվողները կպակասեն, նրանց ձեռնտու է, որ գծատերերը նվազեցնեն օրվա «նալոգը», բայց նրանց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում: Այս դեպքում գործում է ավանդական հայկական «գյոռմամիշությունը»: Տեսեք. գազալցակայանները համարվում են գազի մեծածախ սպառողներ, իսկ մեծածախ սպառողների համար գազի 1000 խորանարդ մետրի գինը 243 դոլարից դարձել է 277, այսինքն՝ նրանց համար գազը թանկացել է ընդամենը 14 տոկոսով: Իսկ նրանք բռնել ու լցակայաններում գազը թանկացրել են 30 տոկոսով: Պարզ ասած՝ որոշել են օգտվել առիթից և գերշահույթ ստանալ: Հիմա անդրադառնանք տաքսի ծառայություններին: Մինչև գազի թանկանալը մեկ «զապրավկան» արժեր, ասենք, 2000 դրամ (առանց «զապրավչիկի» 500 դրամի), հիմա արժե 2600: Մի «զապրավկայով» վարորդը քշում է միջինը 170-180 կիլոմետր, այսինքն՝ մեկ կիլոմետրի գինը բարձրացել է ընդամենը 3,5 դրամով: Իսկ տաքսի-ծառայությունների սեփականատերերը բռնել ու մեկ կիլոմետրի արժեքը բարձրացրել են 20-30 դրամով: Այսինքն՝ սրանք էլ իրենց հերթին են որոշել օգտվել առիթից: Իսկ արդյունքում տուժում են տաքսու վարորդները, որովհետև, նախ՝ հաճախորդներն են պակասում, երկրորդ՝ թեյավճարը, որը նախկինում մնում էր վարորդին, հիմա, փաստորեն, «մտնում է գնի մեջ», այսինքն՝ մնում է սերվիսի տիրոջը:

Այսքանը՝ հարցի տեխնիկական կողմի մասին: Հիմա անցնենք ամենակարևորին: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե չլիներ գծատերերի ավանդական հայկական «գյոռմամիշությունը», գազի նոր սակագների պայմաններում էլ տրանսպորտը կարող էր արժենալ 100 դրամ: Բայց Հայաստանում գծատերերը, որպես կանոն, պատահական մարդիկ չեն. օլիգարխներ են, պատգամավորներ, նախարարներ և այլն: Ճիշտ այնպես, ինչպես գազալցակայանների սեփականատերերը: Իսկ սրանք չեն ուզում զրկվել իրենց գերշահույթից: Դրա համար էլ կառավարությունից պահանջում են կամ նվազեցնել հարկերը, կամ թույլ տալ տրանսպորտի ուղեվարձը դարձնել, ասենք, 150 դրամ: Եվ սպառնում են գործադուլով, ընդ որում՝ վարորդների՛ գործադուլով: Այն դեպքում, երբ վարորդներին ուղեվարձի բարձրացումը հեչ ձեռնտու չէ: Հանրային խորհուրդն էլ կողքից աջակցում է գծատերերին՝ բացատրելով, որ այս պայմաններում նրանք վնասով են աշխատում (նույնիսկ Սամվել Ալեքսանյանը): Խոսք չկա, լավ հանրային խորհուրդ է. ում շահերն ասես պաշտպանում է՝ բացի հանրությունից: Կառավարությունն էլ մյուս կողմից է դերասանություն անում՝ իբր հեչ չի ցանկանում տրանսպորտը թանկացնել, բայց ստիպված է տեղի տալ «փոխադրող կազմակերպությունների ճնշումներին»: Բա հո հարկերը չի՞ նվազեցնելու: Առանց այն էլ բյուջեում մկներ են վազվզում, եղածն էլ ով հասնում՝ տանում է:

Ստեղծված իրավիճակում ելքը միակն է. փոխադրող կազմակերպությունների վարորդները պիտի համընդհանուր գործադուլ անեն, բայց հենց իրենց «գծատերերի» դեմ, ու պահանջեն նվազեցնել վարորդների վրա դրված «օրվա պլանը»: Իսկ կառավարությունից թող պահանջեն գազալցակայանների սեփականատերերի «գյամերը քաշել»: Այդ դեպքում ե՛ւ տրանսպորտը չի թանկանա, ե՛ւ բյուջեի մուտքերը չեն նվազի, ե՛ւ վարորդներն էլ մի քիչ ավելի մարդավարի կապրեն: Թե չէ ստացվում է այնպես, որ ցանկացած թանկացումից հետո մարդկանց մի խմբի գերշահույթները միայն ավելանում են, իսկ մյուսների վիճակը՝ դառնում ավելի անտանելի:

Այնպես որ՝ գործադուլ իսկապես պետք է: Բայց՝ ոչ որպես լավ բեմականացված շոու, այլ որպես իրական բողոք՝ իրական պահանջներով: Այդ դեպքում իսկապես հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել:

Մարկ Նշանյան

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս երկրորդ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմ մոռացել’