‘Բենեդիկտոս 16-րդը կօծի Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանը Լիբանանում’

1218

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան, որտեղ կհյուրընկալվի նաև Լիբանանի հայ կաթոլիկների պատրիարքական Զմմառի վանքում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:  Այցի առաջնային նպատակներից մեկը խաղաղության կոչն է՝ ուղղված Միջին Արևելքի խնդիրների լուծմանը, ինչի կապակցությամբ այցը ստացել է «խաղաղության ուխտագնացություն» անվանումը: «Սեպտեմբերի 14-ին սրբազան քահանայապետը կժամանի Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան, որտեղ ընդունելության հանդիսավոր արարողություն կկատարվի՝ ի պատիվ նրա ժամանման: Լիբանան այցելության գլխավոր նպատակներից մեկը հորդորի ստորագրությունն է ու հրապարակումը, որը, ինչպես գիտենք, մշակվել է 2010 թ.-ի հոկտեմբերին Միջին Արևելքի քրիստոնեության համար Վատիկանում հրավիրված եպիսկոպոսական հատուկ ժողովի ժամանակ: Այդ որոշումը կստորագրվի հույն կաթոլիկների Ս. Պողոս Մայր տաճարում»,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Լիբանանում հայ կաթոլիկների պատրիարքական Զմմառի վանքի միաբան Հայր Եղիա վարդապետ Դերձակյանը՝ հավելելով, որ Հռոմի պապը հանդիպումներ կունենա նաև Լիբանանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ապա մահմեդական համայնքների առաջնորդների հետ:

«Օրվա երկրորդ կեսին սրբազան քահանայապետն առաջին ու պատմական այցելությունը կկատարի Զմմառի բազմադարյա վանք, որտեղ սրբազան Բենեդիկտոս 16-րդը կօծի Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանը, որ պատրաստվել է հայ գրատպության 500 ամյակի կապակցությամբ: Զմմառում կտրվի նաև ճաշկերույթ, որին կմասնակցեն սրբազան քահանայապետի անձնախմբի անդամները, Կաթողիկե պատրիարքներ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Պետրոս 19-ի գլխավորությամբ:

«Երեկոյան ժամը 6-ին Բենետդիկտոս 16-րդն իր քահանայապետական պատգամը կհաղորդի երիտասարդներին, ինչպես նաև հայ երիտասարդներին, որոնք կհավաքվեն Մարոնիերի պատրիարքության Մայր Աթոռում, որը գտնվում է Բքերքի գյուղում: Հաջորդ օրը կտրվի  հայրապետական Սբ պատարագ, որը կմատուցվի Բեյրութում՝ բազմաթիվ հավատացյալների մասնակցությամբ: Պատարագի երգեցողությանը  կմասնակցի նաև «Կռունկ» պատրիարքական երգչախումբը՝ Պ. Էդուարդ Թորիքյանի ղեկավարությամբ»,- հավելեց Հայր Եղիա վարդապետ Դերձակյանը:

Այս պատարագի ընթացքում Հռոմի պապը կհանձնի առաքելական հորդորը, որով կոչ կարվի Լիբանանի և Միջին Արևելքի քրիստոնյաներին և մահմեդականներին ապրել խաղաղությամբ, փոխադարձ հարգանքով և սիրով: Այս այցի ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կհանդիպի նաև օրթոդոքս, ուղղափառ և ավետարական քրիստոնյաների առաջնորդների հետ, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Երևանի կոնյակի գործարանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոմանդոս. Ես Հայրապետյանի մասին լավ բաներ էի լսել’