‘Բենզեմա. «Առօրյայում սիրում եմ ծիծաղել, կարողանում եմ հարաբերություններ հաստատել ցանկացած մարդու հետ»’

1178

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հարցազրույց է տվել «Surface Magazine» ամսագրին: «AS» պարբերականն առանձնացրել է հարցազրույցից որոշ հատվածներ, որոնք ներկայացնում են ձեր ուշադրությանը:

Խաղադաշտում իր պահվածքի մասին. «Ես դերասան չեմ և հանրության համար չեմ խաղում: Որոշ ֆուտբոլիստներ կարողանում են վարպետորեն այդպես վարվել, բայց դա ինձ համար չէ»:

Ֆրանսիայի հավաքականի մասին. «Չգիտեմ` Ֆրանսիայի հավաքականը հաջողության հետ կապված խնդիրներ ունի՞, թե՞ ոչ: Մեկ բան հստակ է` հնարավոր չէ ամբողջ աշխարհին դուր գալ: Ցանկացած պարագայում ես հպարտ եմ իմ երկրի համար»:

Իր մասին. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Առօրյայում սիրում եմ ծիծաղել, կարողանում եմ հարաբերություններ հաստատել ցանկացած մարդու հետ: Իմ մասին հաճախ ասում են, թե ես որոշ մարդկանց վատ եմ վերաբերվում, բայց անգամ փողոցով քայլելիս բոլորի նկատմամբ բարեհամբույր եմ: Գուցե պարզապես իմ մասին շատ չեն խոսում»:

Իր խաղի մասին. «Միակ բանը, ինչն ինձ համար իսկապես կարևոր է, գոլեր խփելն է: Եթե դու կենտրոնացած չես խաղադաշտում, չես տեղաշարժվում, ապա պետք է վերանայես հարձակվողի դերակատարությունդ»:

Իր հասցեին հնչող քննադատությունների մասին. «Ես ողջունում եմ քննադատությունը, եթե այն ասում է մեկը, ով բարձ մակարդակով է խաղացել և հասկանում է ֆուտբոլից: Նման դեպքերում չեմ կարող առարկել: Հակառակ դեպքում ես չեմ լսում քննադատությունը»:

Նախորդ հոդվածը‘Ալոնսոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր խորհրդանշական թիմը ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը դարձել է կայծակնային մրցաշարի հաղթող ‘