Բեննեթը պատմել է, որ Պուտինը խոստացել է չսպանել Զելենսկուն

319

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահն իրեն խոստացել է չսպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Բեննեթն այդ մասին պատմել է  ծավալուն հարցազրույցի ընթացքում, որը տեղադրել է իր YouTube-ալիքում։

2022 թ․ մարտի 5-ին Իսրայելի վարչապետը մեկնել էր Մոսկվա և երեքժամյա հանդիպում անցկացրել Պուտինի հետ։ Դրանք Ռուսաստանի նախագահի առաջին բանակցություններն էին օտարերկրյա առաջնորդի հետ՝ Ուկրաինայում լայնածավալ ներխուժումից հետո։

Բեննեթն այդ հանդիպման մասին պատմում է․ «Ես նրան հարցրի․ «Ի՞նչ է կատարվում։ Դուք ծրագրում եք սպանե՞լ Զելենսկուն»։ Նա պատասխանեց․ «Ես չեմ սպանի Զելենսկուն»։ Այդ ժամանակ ես նրան ասացի․ «Ես պետք է հստակ հասկանամ, որ դուք ինձ խոստանում եք չսպանել Զելենսկուն»։ Նա պատասխանեց․ «Ես չեմ պատրաստվում սպանել Զելենսկուն»»։

Բեննեթը պատմում է, որ արդեն մոսկովյան օդանավակայանի ճանապարհին զանգահարել է Զելենսկուն և նրան պատմել Պուտինի խոստման մասին։ «Ես հենց նոր Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման էի, նա ձեզ չի սպանելու»։ Զելենսկին հարցնում է՝ «Վստա՞հ եք»։ Ես ասացի՝ «100 %, նա ձեզ չի սպանի»»։

Բեննեթը նախկինում էլ է պատմել, թե ինչպես է փորձել  լայնածավալ պատերազմի սկզբում հաշտեցնել Ռուսաստանին և Ուկրաինային։ Ըստ նրա՝ ներխուժումից մի քանի օր անց Պուտինն իրեն ասել է, թե ուկրաինացիները, պարզվում է, «ավելի պինդ են, քան ինձ ասում էին, բայց մենք մեծ երկիր ենք ու համբերատար ենք»։ Նա նաև հիշել է, որ 2021 թ․ հոկտեմբերին՝ իրենց առաջին հանդիպման ժամանակ, Պուտինը քննադատել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ «Նա ի՜նչ հրեա։ Նա նացիզմի աջակից է»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Չինական օդապարիկի ոչնչացումը վատ նախադեպ է ստեղծում
Հաջորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցությունը դատապարտել է The Guardian-ի հակաթուրքական հրապարակումը