‘Բեռլուսկոնին կարող է դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ անչափահասի հետ սեռական հարաբերության համար’

802

Միլանի դատարանը, ըստ երևույթին, հերթական դատական գործով վճիռ կկայացնի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, որով նա մեղադրվում է  անչափահասի հետ սեռական կապի և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատախազները 76-ամյա Բեռլուսկոնիի համար պահանջում են վեց տարվա ազատազրկում և պետական պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելք: Նախկին վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները:

Նախկին վարչապետի վիլլայում էրոտիկ երեկույթներ կազմակերպելու շուրջ սկանդալը պայթեց 2011 թ. սկզբին: Դատախազության կարծիքով՝  այդ երեկույթներին հրավիրված կանայք պոռնիկներ են եղել: Բեռլուսկոնին հերքում է այն մեղադրանքը, թե 2010 թ. ինքը սեքս ծառայությունների համար վճարել է մարոկկոյական ծագմամբ 17-ամյա պարուհի Քարիմա Մահրուգին: Իտալիայում 18 տարին չլրացրած կանանց հետ սեռական կապի մեջ մտնելը համարվում է քրեական հանցագործություն:  Ի դեպ, վարչապետի երեք օգնականներին նույնպես մեղադրանք է ներկայացվել շեֆին պոռնիկներ մատակարարելու համար:

Այս տարվա մայիսին Մահրուգը, որ հայտնի է Սրտակեր Ռուբի մականվամբ, դատարանում հայտարարել էր, թե հորինել է վարչապետի վիլլայում էրոտիկ երեկույթներին վերաբերող բոլոր մանրամասները: Մինչդեռ  դատախազության տվյալներով՝ Ռուբին Բեռլուսկոնիից ստացել է 4,5 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ապա դատավարության ընթացքում պարզվել է, որ մի անգամ Բեռլուսկոնին զանգահարել է ոստիկանություն և միջնորդել ազատ արձակել Եգիպտոսի նախագահի թոռնուհուն: Ընդ որում՝  որպես «Մուբարաքի թոռնուհի» է ներկայացել նույն Սրտակեր Ռուբին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը սպառնում է Մոսկվային և Պեկինին՝ Սնոուդենին չհանձնելու համար’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայում» գերտաղանդավոր դարպասապահ է աճում. տեսանյութ’