‘Բեռլուսկոնին հրաժարվել է վարչապետի պաշտոնի նկատմամբ իր հավակնություններից’

815

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որն ավելի վաղ վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, երկուշաբթի հայտարարել է, որ հաղթանակի դեպքում մտադիր չէ գլխավորել կաբինետը, այլ ընդամենը կզբաղեցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: «Ես որոշել եմ իմ ժառանգորդին, դա Անջելինո Ալֆանոն է: Ես արդեն վարչապետ եղել եմ: Եթե մենք հաղթենք, վարչապետ կդառնա Ալֆանոն, իսկ ես կդառնամ էկոնոմիկայի նախարարը»,-  իտալական Rtl 102.5 ռադիոկայանի եթերից երկուշաբթի հայտարարել է քաղաքական գործիչը, հաղորդում է  РИА «Новости»-ն:

Ուղիղ ռադիոեթերում Բեռլուսկոնին նաև հստակ ակնարկել է, որ հաղթանակի դեպքում իր կողմնակիցները կարող են վերանայել Իտալիայի քաղաքացիական օրենսգրքի դրույթները և ընդունել միասեռական ամուսնությունները: Ռադիոհաղորդման ժամանակ միլիարդատեր Բեռլուսկոնին իրեն անվանել է «աստղ» և ընդգծել, որ մեծ հեղինակություն է վայելում բնակչության շրջանում: «Երբ ես ինչ-որ տեղ եմ գնում Միլանում կամ Հռոմում,  երթևեկությունը կանգ է առնում: Հերիք է՝ որևէ խանութ մտնեմ՝ մուտքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում»,- ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Վահե Աղաքարյան. «Նրա անունը գրելը մեծ պատիվ է. իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ!!!»’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդը ջարդել է Ստեփանակերտի մարզադաշտ տանող ճանապարհի արձաններից 4-ը ‘