‘Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»’

823

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի՝ երեկ կայացած մամուլի ասուլիսը: Ներկայացնում ենք այն ստորև: 

Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից:

 — Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ:

 Արդյո՞ք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

 — Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, ասենք թե, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստների, բայց ես ուզում եմ տեսնել, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները, և այս խաղը շատ կարևոր է այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

 Ի՞նչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին:

 — Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Իհարկե, Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

 Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կա՞ն արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն:

 — Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:  

 Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չե՞ք կարծում, որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ:

 — Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան. եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պետք է խաղանք ավելի շատ հարձակողական ֆուտբոլ, անկախ նրանից, թե ով է հակառակորդը՝ Լատվիան, թե Դանիան: Իհարկե, կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով, կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ, և այս դեպքում ապավինել վերջնական հաջողությանը չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց, միևնուն է՝ դա բավական չէր: Կարող է՝ ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

 Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «խենթ»: Արդյո՞ք դա նշանակում է, որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ:

 — Այդ երկու հասկացությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է, որ մարզչի հրահանգները ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

 Խաղալո՞ւ է արդյոք Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեներից:

 — Այո:

 — Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ո՞վ պետք է փոխարինի նրանց, և ինչպե՞ս եք կարծում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին:

 — Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, և առանց Մովսիսյանի և Օզբիլիսի՝ մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կա, և հավատամ, որ մյուս խաղացողները կկատարեն այն, ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:

Ինչ վերաբերում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա իր ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր… և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:

Դուք ասեցիք, որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Ի՞նչ եք կարծում, Լատվիայի հավաքականի որ գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել:

— Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել, որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը՝ շատ ուժեղ: Մի խոսքով, Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:

Նախորդ հոդվածը‘Ծիրանի արտադրությունը կսովորենք Զիմբաբվեից $462 հազարով’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետության» գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում’