Բերդիմուհամեդովն առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

309

Թուրքմենստանի նախկին նախագահ, Ժողովրդական խորհրդի նախագահ, թուրքմեն ժողովրդի առաջնորդ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, ուրբաթ օրը հաղորդել է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը։

Պարբերականի տվյալներով՝ Բերդիմուհամեդովն այդ առաջարկով հանդես է եկել Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ Բերդիմուհամեդովն Էրդողանին անվանել է ականավոր անհատ և համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ, որը մեծ աշխատանք է կատարում ոչ միայն իր, այլև մուսուլմանական բոլոր ժողովուրդների խաղաղ կյանքն ապահովելու համար։

Ըստ այդմ՝ նա առաջարկել է Թուրքիայի նախագահին ներկայացնել Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ հավելելով, որ Էրդողանը կարող է դառնալ իսլամական աշխարհի պետությունների և կառավարությունների գործող ղեկավարներից առաջինը, որն այդ պարգևին  կարժանանա 21-րդ դարում։

Նոբելյան հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 2023 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար գրանցվել է 305 թեկնածու, այդ թվում՝ 212 ֆիզիկական անձ և 93 կազմակերպություն։ Հանձնաժողովը թեկնածուների անունները, ինչպես նաև նրանց առաջադրողների անունները կարող է հայտնել միայն 50 տարի անց։

Նոբելյան հանձնաժողովի կանոններով՝ Խաղաղության մրցանակ ստանալու համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն պետությունների գործող ղեկավարները, կառավարությունների և ազգային խորհրդարանների անդամները, նախորդ տարիների մրցանակի դափնեկիրները, իրավունքի և հումանիտար գիտությունների պրոֆեսորները, միջազգային դատարանների դատավորները, Նոբելյան հանձնաժողովի գործող և նախկին անդամները։ Դափնեկիրներին ընտրում է Նոբելյան հանձնաժողովը, որը նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔիսինջեր․ Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Չինաստանը
Հաջորդ հոդվածըՊակիստանը չի զիջելու միջուկային ծրագրի հարցում